«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին՝ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմից հանելու ԱԺ նախագահի որոշումը հակասում է ԵԽԽՎ կանոնակարգին, հայտնում է «Ժառանգություն» կուսակցությունը:
Այսօր տարածած հայտարարության մեջ նշված է, որ, համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի, ինչպես նաև 1798 (2011) բանաձևի, այդ կառույցի ազգային պատվիրակություններում պետք է ապահովված լինի արդար ներկայացվածություն և հարգվի բազմակարծության սկզբունքը:
«Մինչդեռ հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ-ում ուժի մեջ մտած փաստաթղթերը ոչ միայն «Ժառանգություն» խմբակցության արդարացի ներկայացվածությունն են ոտնահարում, այլև բազմակարծության խաթարման և ԱԺ պատգամավորի՝ քաղաքական հայացքների համար հետապնդման պրակտիկա են հաստատում:
ԱԺ նախագահի կողմից քննության դրված Կարգը և ընդունած Կարգադրությունը ակնհայտորեն հետապնդել են «Ժառանգության» գործունեությունը ԵԽԽՎ-ում ընդհանրապես կասեցնելու քաղաքական նպատակ, և տարակուսելի է ու ցավալի, որ այդ պատասխանատվությունը կիսել են նաև ոչ իշխանական կուսակցությունները:
«Ժառանգությունը» հոկտեմբերի 23-ի ԱԺ նախագահի կողմից հաստատված Կարգը և ընդունված Կարգադրությունը գնահատում է որպես «Ժառանգության» դեմ իրականացված ոտնձգություններ, խստիվ դատապարտում է դրանց գործադրումը և հետամուտ կլինի հասանելի բոլոր միջոցներով դրանց բողոքարկմանն ու փոփոխմանը», – նշված է հայտարարության մեջ: