Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ մտնող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բուհերից մեկում գործում է յուրահատուկ «ֆեյս-քընթրոլ»՝ թրաշով ու համեմատաբար երկար մազերով տղաներին թույլ չեն տալիս մասնակցել դասընթացներին: Համալսարանի ադմինիստրացիան նախ հաստատել, այնուհետև հերքել է այս փաստը:
Ինպես հայտնում է Qaynar.info կայքը, այս մասին պատմել են Նախիջևանի Մասնավոր համալսարանի ուսանողները: Ուսանողները պատմել են, որ հոկտեմբերի 23-ին «մազերի պատճառով նրանց բոլորին նշել են որպես բացակա ու թույլ չեն տվել մասնակցել դասընթացներին»: «Նրանց կրթությունն էլ է զրոյական, ու հիմա էլ այս ռեժիմի պատճառով ուսանողները համալսարան չեն գալիս: Մեր ձեռքերն ու ոտքերը կապված են, ու չգիտենք՝ ինչ անել: Այս իրավիճակը փոխելու համար մեզ աջակցություն է պետք: Սա պետք է հասցնել հասարակությանը: Օգնեք մեզ: Հիմա ամեն ինչ մեր ձեռքերում չէ, բայց եկեք փորձենք ինչ-որ բան փոխել»,- լրագրողի հետ զրույցում ասել է ուսանողներից մեկը:
Ռեկտորի օգնական Վուգար Ալեքպերովը հաստատել է այս փաստը՝ ասելով. «Այո, մենք վերահսկում ենք թրաշով ու երկար մազերով ուսանողներին: Մենք այդ մասին ուսանողներին նախազգուշացրել ենք: Ուսանողներից ոմանք հետևում են կանոններին, իսկ ոմանք՝ ոչ: Կան նաև այնպիսիք, որոնք երկար մազեր ունեն: Եթե նրանք գալիս են սովորելու, ապա նրանց մազերն էլ պետք է կարգին լինեն»:
Այնուհետև, սակայն, Qaynar.info-ի հետ կապ է հաստատել համալսարանի պրոռեկտոր Իբրահիմ Քազիմբեյլին ու հայտարարել, որ այդ տեղեկությունը սխալ է: «Մենք զրույց ենք ունենում միայն թրաշով ուսանողների հետ ու նրանց խրախուսում համալսարան գալ կոկիկ ու մաքուր տեսքով»: