Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծն ընդունելով՝ կոռուպցիայի հարցը չի լուծվի, այլ միայն կմեծանա սոցիալական լարվածությունը հարուստների ու աղքատների միջև: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Արդեն մի քանի տարի դատավորների աշխատավարձը 1500-2000 դոլար է, ասեք ավելի պակաս կոռումպացված ոլորտ, քան դատարաններն են», – ասել է Մանուկյանը:
Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարելը քաղաքական կամք է պահանջում, որը իշխանությունը չունի, այդ պայքարը քաղաքական, ոչ թե տնտեսական խնդիր է:
Նա հավելել է, որ աշխատավարձերի բարձրացումը նորից գնաճի պատճառ է դառնալու, ինչն ազդելու է ցածր խավերի վրա: Ըստ պատգամավորի ներկայացրած տվյալների՝ այս տարի 41 տոկոսով անկում է տեղի ունեցել այն ձեռնարկություններում, որտեղ 10 հոգուց մինչև 250 հոգի են աշխատում, իսկ ապրանքաշրջանառությունը պակասել է 20%-ով: Ըստ Արամ Մանուկյանի՝ առաջնային է հենց փոքր բիզնեսի համար պայմաններ ստեղծելը: