Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր որոշել է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանշանը՝ Բիլայն) նկատմամբ կիրառել 20 մլն դրամի տուգանք:
Այսպիսով, Հանձնաժողովը բավարարել է «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորի բողոքը, որը գտնում է, որ «ԱրմենՏել»-ն անբարեխիղճ մրցակցություն է դրսևորել: Խնդիրն այն է, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունն ունի «Պարզ» անունը կրող բջջային կապի փաթեթ, իսկ «ԱրմենՏել»-ն այս տարվա սեպտեմբերից գործարկել է «Պարզից պարզ» փաթեթը: Բացի դա, «Բիլայն» բջջային օպերատորի գովազդում դեղին գույնի բիլիարդի գունդը հարվածում է կարմիր և նարնջագույն գնդերին, որից հետո դեղինը հաղթում է: Հարկ է նշել, որ դեղինը «Բիլայն»-ի գույնն է, նարնջագույնը՝ «Օրանժ Արմենիա»-ինը, իսկ կարմիրը՝ մեկ այլ բջջային օպերատոր «Վիվասել ՄՏՍ»-ինը: Այս փաստը նույնպես առաջացրել է «Օրանժ Արմենիա»-ի դժգոհությունը:
«ԱրմենՏելի» մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը News.am կայքի հետ զրույցում մեկնաբանելով տուգանքի փաստը՝ ասել է, որ իրենք նիստին հրավիրված չեն եղել, տեղյակ չեն պահվել: Բեղլոյանը որոշումը տարօրինակ է անվանել՝ նշելով, որ այն կմեկնաբանեն միայն պաշտոնական տեքստը ստանալուց հետո: