Այսօր «Հարսնաքար»-ի գործով դատական նիստին կրկին հարցաքննվել են գործով տուժողներ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը: Նրանց կիկնակի հարցաքննությունը դատարանը անհրաժեշտ է համարել գործով ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի, Գարիկ Սողոմոնյանի, Արթուր Բաբլոյանի ցուցմունքներից հետո, որոնցում նրանք որոշ դրվագներով ընդնունել էին իրենց մեղքը՝ ասելով, որ ամեն մեկը մի տուժողի է հարվածներ հասցրել:
Մասնավորապես, Նորայր Հայրապետյանը պնդել է, որ 2012 թվականի հունիսի 17-ին Վահե Ավետյանին միայն ինքն է ծեծի ենթարկել: Հիշեցնենք, որ 12 օր անց Ավետյանը մահացել է հիվանդանոցում:
«Ես բացառում եմ, որ ինձ ծեծի ենթարկած լինի մեկ հոգի, մենք շրջապատված ենք եղել 15-20 հոգով, առաջին հարվածը ստացել եմ ետևից՝ ծոծրակիս, հետո միանգամից դիմացից եմ հարված ստացել, ինձ ծեծի են ենթարկել 4-5 հոգի, չեմ բացառում, որ Գարիկ Մարգարյանը ևս հարվածել է, սակայն ես նրա հետ չեմ խոսել ու չեմ հայհոյել և իմ դիմացից հարվածողը նա չի եղել»,- ասել է ռազմական բժիշկ Արտակ Բայադյանը:
Նա նաև բացառել է, որ միայն Նորայր Հայարպետյանն է ծեծել Վահե Ավետյանին: Ըստ Բայադյանի՝ նրան ևս մի քանի հոգի էր հարվածներ հասցրել:
«Դու չէի՞ր, որ գետնին ընկած ինձ քֆուրներ էիր տալիս, ես էլ մայկիցդ քաշում էի»,-Բայադյանին հարց է ուղղել մեղադրյալ Գարիկ Մարգարյանը, ապա հայտարարել է, որ տուժողը ստում է:
Մյուս տուժող Գարիկ Սողոմոնյանը, իր խոսքը սկսելով, ասել է, որ հաստատում է իր նախորդ ցուցմունքը: Սողոմոնյանը չի կարողացել ասել՝ իրեն մի՞ հոգի է ծեծի ենթարկել, թե մի քանի հոգի, սակայն պնդել է, որ զույգերով առանձին կռվող չի նկատել, այլ ընդհանուր խառնաշփոթ ու խառը ծեծկռտուք է եղել: Սողոմոնյանը նշել է, որ ինքը Արթուր Բաբլոյանին չի նկատել, նրա հետ փոխադարձ ծեծկռտուքի մեջ չի եղել և մարմնական վնասվածք էլ չի հասցրել, ինչպես ասել էր ամբաստանյալ Բաբլոյանը:
Նշենք, որ նախորդ նիստին ցուցմունք է տվել գործով տուժող Էդգար Նիկոյանը: Նա ոչ հերքել, ոչ հաստատել էր ամբաստանյալների ասածը՝ հավելելով, որ ինքը հարվածներ ստացել է՝ միայն Աղաջանյանին պաշտպանել փորձելու պատճառով, սակայն չի կարող ասել՝ ում կողմից:
«Ընդհանուր խառը ամբոխ էր, չեմ կարող ասել՝ ով ում է հարվածել, բայց չեմ տեսել, որ մեկը մեկի հետ կռիվ աներ», – ասել էր Նիկոյանը՝ նշելով, որ ամբոխում մարդկանց դեմքերը չի մտապահել: