«Հայոց համազգային շարժում» կուսակցության նախկին անդամները որոշել են վերակենդանացնել ՀՀՇ-ն: Կուսակցությունը պայքարելու է Հայաստանում Ռուսաստանի ազդեցության դեմ:
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում կուսակցության համագումարը: Կուսակցությունը ստեղծելու որոշումը քաղաքական գործիչներ Արարատ Զուրաբյանը և Ալեքսանդր Արզումանյանը կայացրել էին այն բանից հետո, երբ նախկին ՀՀՇ-ի վերջին համագումարում որոշվել էր այն վերանվանել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության: Մինչ այդ ՀՀՇ-ն 3 տարվա ընթացքում ղեկավարել է Արամ Մանուկյանը, ով այժմ ՀԱԿ կուսակցության փոխնախագահն է:
Համագումարին հնչեցրած իր ելույթում ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ նոր ստեղծված կուսակցության ամենամեծ խնդիրը «ռուսի սապոգից» ազատվելն է:
Արզումանյանի խոսքով՝ թեև ինքը և իր համախոհները կարծում էին, որ 1988-ից Հայաստանում երրորդ ուժի ներկայությունը բացառված է, բայց այսօր երկրում տգիտությունը կրկին հաղթել է գիտությանը, գերիշխում է սովետական չեկիստական մտածողությունը ու դրա դեմ պայքրան էլ առաջնային խնդիր է: Պատգամավորը նշել է, որ չի պատկերացնում թշնամություն Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ, սակայն անթույլատրելի է համարում, որ ՖՍԲ-ի ներկայացուցիչները ստուգում են հայ պատգամավորին Հայաստանում, ռուս միջին կարգի չինովնիկները Հայաստսանը համեմատում են Կալինինգրադի մարզի հետ, իսկ որոշ մարդիկ կյանքի մայրամուտին ցանկանում են Հայաստանի ճակատագիրը հանձնել Ռուսաստանի և Իրանի որոշմանը:
Արզումանյանը նշել է, որ իրենք չեն կարող հրաժարվել ՀՀՇ-ի լավ կամ վատ օրերից: Եղել են հաջողություններ՝ անկախության ստեղծումը, 2007-ին սկսված շարժմանը մասնակցելը (այն ժամանակ ՀՀՇ նախագահն էր Արարատ Զուրաբյանը – խմբ.), սակայն եղել են նաև մութ էջեր: Ըստ Արզումանյանի՝ 2010 թվականին ՀՀՇ-ում սկսել են ընդունվել որոշումներ, որոնք սազական չեն ժողովրդավարական արժեքներով շարժվող կուսակցությանը: Նա նշել է, որ 2013 թվականին մարդիկ, որոնք ՀՀՇ-ի հետ կապ չունեին որոշեցին վերանվանել կուսակցությունը, ինչը վիրավորական էր:
Նորաստեղծ ՀՀՇ-ի համագումարին չէին հրավիրվել ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչները, ԲՀԿ խմբակցությունից հրավիրվել էր միայն Գուրգեն Արսենյանը: Դահլիճում ներկա էին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանը և Ռուբիկ Հակոբյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը երկրում չէ, սակայն նա համագումարի մասնակիցներին իր ողջույնի խոսքն էր հղել: