Երևանի քաղաքապետարանն իր անսկզբունքայնության ու անպատասխանատու վարքագծի հետևանքով ոչ միայն լուծում չի տալիս Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների խնդիրներին, այլև օրեցօր ավելացնում է բնակիչների միջև ներքին լարվածությունը: Վերոնշյալ հասցեի մի խումբ բնակիչներ Еpress.am-ին են ներկայացրել վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները և նշել, որ քաղաքապետարանի «թեթև ձեռքով» վթարվել են նաև բնակիչների հարաբերությունները:
Բնակիչների մի քանի բողոքի ակցիաներց հետո վերջերս քաղաքապետարանում լսումներ են կազմակերպվել, ու որոշում է կայացվել հարցը լուծել փուլային տարբերակով, ավելի ուշ՝ վիճակահանության սկզբունքով, ինչին բնակիչների մեծ մասը համաձայնություն չի տվել. նրանք պնդում են, որ, առաջին հերթին, պետք է վերաբնակեցվեն առավել վթարված հատվածի բնակիչները:
Քաղաքապետարանից էլ հայտնել են, թե վերջնական եզրակացությունը տալու է Քաղաքաշինության նախարարությունը:
Մինչ հոկտեմբերի 29-ին քաղշինը որոշում կկայացնի՝ մի քանի բնակիչներ իրենց առաջարկների մասին տեղեկացնելու համար զանգահարել են ՀՀ Քաղաքաշինության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենիա Աթայանին: Բնակիչների խոսքով՝ վերջինս իրենց վիրավորել է:
«Ասում է, թե առավել վթարված կողմի մարդիկ լկտիներ են ու շատ վատը: Նրանք դիտավորյալ են ջրերը բացում, որ պատը փլվի, իսկ ահա ոչ վթարված հատվածի բնակիչները շատ համեստ ու խելացի են, ուստի, հաշվի առնելով նրանց վիճակը, ինքն առաջ է քաշել նաև իրենց վերաբնակեցման հանգամանքը: Ես գիտակցեցի, թե ինչ էր թաքնված դրա տողատակում՝ տիկին Աթայանը Բազիյան Կարինե անունով բարեկամուհի ունի առաջին մուտքում, և նա իր զայրույթն ու պոռթկումը արտահայտեց բնակիչների հասցեին: Ինչո՞վ է մեղավոր բնակիչը, եթե իր ապրած կողմում շենքը փլվում է, դա մարդկային գործոնի հետևանքով չի լինում. պարզապես շենքը ծերացել է, սպառվել են ռեսուրսները, շենքը փլուզվում է, իսկ նա մեղադրում է բնակչին», – ասել է շենքի բնակիչ Ասպրամ Հայրապետյանը:
Նա նշել է, թե Աթայանի նման մոտեցման ու կարծիքի բացատրությունը պարզաբանելու համար իրենք գնացել են նախարարություն, սակայն Աթայանի փոխարեն նրանց պատասխանել է մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը:
«Ես մի բան եմ ասում, նա բոլորովին ուրիշ, թեման շրջում է, գցում սարուձոր, թե՝ «ապրիլին նախարարն եկել ու ծանոթացել է խնդրին», ես ասում եմ՝ «տիկին ջան, ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է Աթայանը վիրավորում բնակիչներին, ու նաև ուզում եմ փաստերով ապացուցել նրա անտրամաբանական հարցերի պատասխանները, սակայն Լուսինեն թույլ չտվեց: Մեր հեռանալուց հետո մի քանի լրագրողների վերևում հրավիրում է ու հերքում, թե Աթայանը վիրավորել է», – ասել է Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ քաղշինի որոշումից պարզ կլինեն իրենց հետագա քայլերը, իսկ առայժմ նախընտրել են լռել, բայց հետո «այն աստիճան կտրուկ են լինելու մեր քայլերը, որ ենթադրել անգամ չի լինի»: