Մինսկում Հայաստանի հետ ստորագրված Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը վերջանական անվանել չի կարելի, քանի որ ՄՄ անդամներից մեկը դեռ ցանկություն է հայտնում Թուրքիային Միության մաս դարձնել, մյուսը՝ Հայաստանի անդամակցությունից առաջ ցանկանում է իմանալ Ադրբեջանի կարծիքը:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ով ներկա էր այսօր տեղի ունեցած նորաստեղծ «Հայոց համազգային շարժում» կուսակցության առաջին համագումարին:
Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի եթե ոչ նոյեմբերին Վիլնյուսում, ապա մոտ ապագայում մշակվի Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու ծրագիր: Նախկին վարչապետի խոսքով՝ իր եղբայրը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանված Վազգեն Սարգսյանը կողմ չէր լինի, որպեսզի Հայաստանը Մաքսային միության նման մի կազմակերպության անդամ դառնար:
Մինսկում ստորագրված փաստաթղթից խոսելով՝ ՀՀՇ նախագահության անդամ Հովհաննես Իգիթյանը Epress.am-ին ասել է, որ սա հերթական անգամ է, երբ հանրությանը և նույնիսկ իշխանության ներկայացուցիչներին հայտնի չէ՝ ինչ է ստորագրվում:
«Նույնիսկ իր թիմը մինչ Մինսկի փաստաթղթի ստորագրելը, չգիտեր՝ ինչ է ստորագրվելու, չգիտեին՝ այդ փաստաթուղթը օգո՞ւտ է, ո՞ւր է տանելու Հայաստանին: Մաքսային միությունը քաղաքական միավորը է, նույնիսկ Ղազախստանի նախագահ Նազարբաևն ասում է, թե նպատակահարմար է, որ Թուրքիան դառնա ՄՄ անդամ՝ ցույց տալու, որ մենք միայն նախկին ԽՍՀՄ երկների միություն չենք: Խնդիր է, որ Հայաստանի հասցեին հնչում են ստորացուցիչ արտահայտություններ: Մաքսային միության բոլոր անդամները Հայաստանին նայում են որպես երկրորդական պետություն»,- ասել է Իգիթյանը: