Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը հանդես են գալիս որպես 21-րդ դարի Եռյակ դաշինք, որի նախատիպն էր 20-րդ դարի առաջին քառորդին նացիստական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի և Կայսերական Ճապոնիայի կողմից ստեղծված կոալիցիան, և իրենց ակումբին են բռնակցում ինքնիշխան պետություններին: Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ գրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա հիշեցնում է, որ 2013թ․ հոկտեմբերի 24-ին Բելառուսի մայրաքաղաքում՝ Մինսկում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բավարարեցին Սերժ Սարգսյանի և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի դիմումը Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ։
«Առաջին հայացքից սովորական թվացող այս արտահայտությունն իրականում իրենից ներկայացնում է մարտահրավեր ոչ միայն Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների նկատմամբ, այլև մարդկային քաղաքակրթությանը և համամարդկային արժեքներին։
Հայաստանի և Ղրղզստանի կողմից նշված միություններին անդամագրվելու մասին դիմումները ներկայացվել են այդ երկրների նախագահների կողմից՝ ակնհայտորեն ժողովրդավարական սկզբունքների կոպիտ ոտնահարմամբ և առանց երկրների քաղաքացիների իրազեկման, և նրանց կարծիքը հաշվի առնելու։
Մոտ մեկ դար հետո Եվրասիական մայրցամաքում վերստին տեղի է ունենում ակնհայտ ավտորիտար և բռնապետական պետությունների ակումբին ինքնիշխան պետությունների բռնակցման գործընթաց, որը հանդիսանում է լուրջ մարտահրավեր ոչ միայն բռնակցվող պետությունների քաղաքացիների իրավունքներին, կյանքին և նրանց անվտանգությանը, այլև առնվազն աշխարհամասի պետություններին և նրանց քաղաքացիներին։
Հերթական անգամ միջազգային հանրության աչքի առջև տեղի է ունենում ավտորիտարիզմի, բռնապետության համախմբում, ձևավորվում է մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին դեմ ուղղված նոր համակարգված մարտահրավեր:
Դիմում եմ միջազգային, միջպետական կառույցներին, ժողովրդավարական պետություններին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ անտարբերության չմատնել Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում տեղի ունեցող գործընթացները։
Պետությունները, որոնցում ժողովրդավարական ինստիտուտներ կայացած չեն կամ գտնվում են կայացման դժվարին փուլում, կարողություն չունեն միայնակ դիմագրավելու նոր մարտահրավերներին», – հայտարարում է Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ որպես օրակարգային հարց քննարկել «Եվրասիական աշխարհամասում ժողովրդավարության և մարդու իրավունքների ժամանակակից մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղիները»: