Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»՝ հղում կատարելով ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը:
Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էր նույն ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը և 6 ուղևորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսը մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է ՝ ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Քրեական օրենսգիրքն այս արարքի համար նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում: