Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն` Սիրիայի Դեր-ալ–Զոր նահանգում գրանցվել է պոլիոմիելիտի կասկածով խմբակային հիվանդացման դեպքեր: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում երկու անձի մոտ հնարավոր է հաստատվի «վայրի» պոլիովիրուսի առկայություն: Դեպքերի մեծամասնությունը մինչև երկու տարեկան երեխաների մոտ է գրանցվել: Նրանց մոտ մոտ առկա է սուր թորշոմած կաթվածահարություն՝ պոլիոմիելիտի ախտանշաններից մեկը: Սիրիայի արևելյան նահանգում մինչև հինգ տարեկան ավելի քան 100000 երեխա պոլիովիրուսներով վարակվելու ռիսկ ունեն:
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստան ներգաղթած մինչև 15 տարեկան սիրիահայ երեխաներին դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ և խորհրդատվություն ստանալու համար:
Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն: Հիվանդությունը համարվում է էնդեմիկ Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում, սակայն եզակի դեպքեր հանդիպում են նաև այլ երկրներում: