Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը, մենաշնորհ ունի ոչխարների արտահանման բիզնեսում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հարցնելով ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին, թե ինչ է անում նախարարությունը անասունների արտահանման բիզնեսում գոյություն ունեցող մենաշնորհի դեմ պայքարելու համար:
Սերգո Կարապետյանը հերքել է, թե ոչխարների արտահանման մենաշնորհ գոյություն ունի:
«Եթե դուք ցանկություն ունեք զբաղվել այդ բիզնեսով, ես կարող եմ ձեզ օգնել: Ոչ մի մոնոպոլիա չկա, յուրաքանչյուրը կարող է զբաղվել դրանով: Ամենայն վստահությամբ կարող եմ ասել՝ գյուղատնտեսության ոլորտում մոնոպոլիաներ չկան»,- հայտարարել է Կարապետյանը:
Փոստանջյանը նաև հարցրել է նախարարին՝ ինչու չկան գյուղատնտեսական ապրանքների շուկաներ երկրի մարզերում, մասնավորապես, Մեղրիում, կամ երկրի հյուսիսում, որպեսզի Իրանի և Վրաստանի հետ առևտուր արվի և գյուղացուն հնարավորություն տրվի արտոնյալ պայմաններով իրացնել մթերքները: Սերգո Կարապետյանն ասել է, որ գյուղերում շուկա ստեղծելը նպատակահարմար չէ, քանի որ գյուղացին արտադրող է, և գյուղմթերքը պետք է սպառվի Երևանում և քաղաքներում:
Փոստանջյանը հակադարձել է՝ նկատելով, որ իր հարցը գյուղերում շուկաներ ստեղծելու մասին չէր, ինչին նախարարը չի պատասխանել: