«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանին չի հետաքրքրում՝ «Պողո՞սն է ծակել մեքենայի անիվները, թե Պետրոսը», նրան հետաքրքրում է այն, թե Պողոսն ու Պետրոսն ինչու են արել, ով է նրանց հրահրել, դրդել ու վճարել այդ արարքի դիմաց: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Եղնուկյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած միջադեպին, որը գրանցվել էր «Բոյկոտենք «Երևան սիթի» սուպերմարկետները» ակցիայի ժամանակ:
Անհայտ անձը Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտակայքում պատռել էր «Նախախորհրդարան» նախաձեռնությանը պատկանող Ford transit ավտոմեքենայի և նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի անիվները:
Եղնուկյանը պատմել է, թե օրեր առաջ ԶԼՄ-ներից տեղեկացել է, որ մենքենաները վնասողները ներկայացել են ոստիկանություն և ինքնախոստովանություն արել:
«Ասում են, որ երկու տարբեր մեքենաները երկու հոգի են վնասել, չնայած որ տեսախցիկները ֆիքսել էին այդ անձին:
Մեր զրուցակիցը նշել է, թե «Փակ շուկայի» պատին հայտնված իր նկարի, առաջին ավտոմեքենայի, ապա երկրորդի վրա հարձակման գործերով ինքը երեք դիմում է ներկայացրել:
«Առաջին դիմումով պահանջել եմ քրեական պատասխանատվության ենթարկել նկարի միջոցով ատելություն հրահրողին՝ Սամվել Ալեքսանյանին, երկրորդ և երրորդ դիմումները վերաբերում են մեքենաների հետ տեղի ունեցած դեպքերին: Հետևաբար, քանի որ մեքենաներից մեկի վնասման դեպքը եղել է Արաբկիրում, իսկ պաստառի և երկրորդ մեքենայինը՝ կենտրոնում, ես պահանջեցի, որ երեք գործերը միացնեն իրար, ու այդ քննիչը տեսնի պատճառներն ու հետևանքները: Իրենք դիմադրեցին և չմիացրին, քանի որ միացնելը կնշանակեր, որ իրենք ընդունում են, թե երկու բռնությունները շուկայի պատին փակցված նկարի հետևանքն են, ուստի պետք է պատասխանատվության ենթարկեին շուկայի սեփականատիրոջը», – ասել է նախաձեռնության անդամը:
Եղնուկյանը շեշտել է, թե կոնկրետ ոստիկանությանը ձեռնտու է գործերը առանձին քննելը:
«Քննիչ Յուրա Պապյանն ինձ տեղեկացնում է, թե անվադողեր ծակողը անկապ մեկն է: Այսինքն, ստացվում է, որ մեկը անցնում էր փողոցով, տեսավ մեքենաս, չհավանեց գույնը ու առանց պատճառի որոշեց ծակել անվադողերը: Միտում եմ տեսնում ոստիկանների մոտ, որ չեն ուզում քանդել կծիկը ու փորձում են իմ ընդհանուր դիմումի մի հատվածին պատասխանել», – պատմել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ մեքենայի վրա հարձակվողի մասին ինքը տեղեկացել է 1 շաբաթ առաջ՝ ԱԱԾ-ում, երբ գնացել է մերժված դիմումի հետքերով:
«Քննիչն ասաց, ես շատ զարմացա, անմիջապես զանգեցի քննիչ Պապյանին ու հարցրի՝ «արդյո՞ք ճիշտ է», վերջինս էլ, թե՝ «հա, անկապ մեկին բռնել ենք», ասացի՝ «իսկ ինչո՞ւ չեք հայտնել», թե՝ «կհայտնեմ»: Անցավ 3 օր, մի ուրիշ քննիչ զանգահարեց ու քրեական գործի հետ կապված հրավիրեց Արաբկիրի ոստիկանությունում ցուցմունք տալու, ես էլ մերժեցի: Ես ասացի, որ անիմաստ ինձ տանել-բերելու են, ուստի կներկայանամ այն ժամանակ, երբ երեք գործերը կմիացնեն», – եզրափակել է Եղնուկյանը: