2013 թվականի գարնանային զորակոչի ընթացքում բազմաթիվ խնդիրներ են եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գարնանային զորակոչի մասին պատրաստած զեկույցը, որում նշվում են այս տարվա մայիս-հուլիս ամիսների ընթացքում բացահայտված օրենսդրական բացերը, օրենսդրության կիրառման խնդիրները:
«Զորակոչի ընթացքում զորակոչիկները չեն ենթարկվում համալիր բուժզննության, ինչի հետևանքով լուրջ առողջական խնդիրներ ունեցողները ենթարկվում են զորակոչի և ծառայողական պարտականությունների կատարման ընթացում ձեռք են բերում նորանոր հիվանդություններ», – ասել է բանախոսը:
Իրավապաշտպանը շեշտել է, թե շատ դեպքերում զորակոչիկին կրկնակի բուժզննության ուղեգիր չի տրամադրվում, եթե նրանք չեն համաձայնում առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ:
«Վերլուծելով ուսումնասիրության արդյունքները՝ արձանագրել ենք, որ բացակայում է զորակոչի կազմակերպման ընթացքում բուժզննության եզրակացության ակտի բողոքարկման մեխանիզմը, օրենսդրորեն չի կարգավորվում զորակոչիկի մոտ մի քանի հիվանդության զուգակցման պարագայում պարտադիր զինծառայության պիտանիության խնդրի լուծման կարգը, հանրապետական բուժզննություն անցնելու տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցում բավարար չափով, բացակայում է շարային և սահմանափակումներով ծառայության տեսակները կարգավորող ենթաօրենսդրական ակտը և մի շարք այլ խնդիրներ», – ասել է բանախոսը:
Մանրամասները՝ eTV-ի տեսանյութում