Home / Հայաստան / Միշել Տեր-Զաքարյանը հրաժարվեց. Հայաստանի հավաքականի մարզիչը արտասահմանցի է լինելու

Միշել Տեր-Զաքարյանը հրաժարվեց. Հայաստանի հավաքականի մարզիչը արտասահմանցի է լինելու

Ռուբեն Հայրապետյանը ցանկանում էր Հայաստանի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել «Նանտի» մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել է նրան գլխավորել հավաքականը Վարդան Մինասյանի հեռանալուց հետո, սակայն Տեր-Զաքարյանը կտրուկ հրաժարվել է, քանի որ գործող պայմանագիր ունի «Նանտի» հետ: Այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև նշել է, որ 2008 թվականին ինքը նույնպես հրավիրել էր Տեր-Զաքարյանին, ով հրաժարվել էր:

ՀՖՖ նախագահն ընդգծել է, որ այլ հայ մարզիչ հավաքականի ղեկին նա չի տեսնում: Հայրապետյանի խոսքով՝ Վարդան Մինասյանն իրեն խորհուրդ է տվել իսպանացի կամ իտալացի մասնագետ հրավիրել, սակայն ինքը դեռ որոշում չունի՝ մարզիչը կարող է լինել ինչպես իտալացի կամ իսպանացի, այնպես էլ արգենտինացի կամ գերմանացի:

«Հիմա չասեք իմ մականունի հետ եմ կապում», – գերմանացի մարզչի մասին խոսելիս՝ ծիծաղելով ասել է Հայրապետյանը (կեղծանունը՝ Նեմեց Ռուբո):

Նա հավելել է, որ այժմ բանակցություններ է վարում մի քանի մարզիչների հետ, բայց հրաժարվել է անուններ տալ կամ ժամկետներ նշել:

Հայրապետյանը նշել է նաև, որ չէր ցանկանում, որպեսզի Վարդան Մինասյանը հեռանա հավաքականից՝ ասելով, որ չի կարողացել համոզել վերջինիս շարունակել աշխատանքը ազգային ընտրանու հետ: