«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբը, ազատամարտիկների հետ միասին, նոյեմբերի 1-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց կազմակերպում է ակցիա, որի նպատակն է սատարել կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին և շեշտել նրա պայքարի արդարացիությունը:
«Իշխանությունները ապօրինի են կալանավորել Վոլոդյա Ավետիսյանին և իր ընկերները շարունակելու են արժանապատիվ ազատամարտիկների պայքարը՝ միաժամանակ պահանջելով իրեն ազատ արձակել», – ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:
Ակցիայի մասնակիցները նոյեմբերի 1-ին, ժամը 11:30-ին Հանրապետության հրապարակից շարժվելու են դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Ավետիսյանը ազատամարտիկների պայքարի ղեկավարներից էր, նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Այժմ նրան մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության հոդվածով: Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ վերոնշյալ մեղադրանքի առաջադրումը մեկ պատճառ ունի՝ համաներումը կիրառելի պիտի լիներ Վոլոդյա Ավետիսյանի դեպքում, և նրան կալանքի տակ պահելու որևէ հիմքեր այլևս չկային:
«Քննչական մարմինը, համոզվելով, որ մեկ մեղադրանքով փակի տակ պահել այլևս չի կարող, առաջադրեց երկրորդը», – ասել էր փաստաբանը:
Ավելի վաղ տարածած հայտարարության մեջ Ավետիսյանը նշել էր, որ իրեն հետապդնում են իր գործունեության համար, իսկ մեղադրանքը շինծու է: