հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ինչու են վերացնում գործազրկության նպաստը. պարզաբանել է նախարարը

Ինչու են վերացնում գործազրկության նպաստը. պարզաբանել է նախարարը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշումը՝ կրճատել  գործազուրկներին տրվող 18.000 դրամի չափով նպաստը, պայմանավորված է ծրագրի անարդյունավետ լինելով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարը կրկնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքը, թե ծրագրի արդյունավետությունը կազմում էր 6%: Փոխարենը, ըստ Ասատրյանի, ավելի արդյունավետ են ուսումնական, վերապատրաստման ծրագրերը՝ 18%, և գործատուների փոխհատուցման ծրագրերը՝ 70%:

Արդյունավետության չափման միավորը, ըստ նախարարի, որոշում է հետևյալ չափանիշով. ծրագրի շնորհիվ գործազուրկները, որոշ ժամանակ պարապուրդի մատնված լինելով, հետագայում պետք է աշխատանք գտնեն և առնվազն 6 ամիս զբաղված լինեն:

«Ծրագրի նպատակը թողնելով՝ անցնում եք այլ հարցերի: Նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձին մրցունակ և զբաղված դարձնելն է»,- ասել է Արտեմ Ասատրյանը:

Epress.am-ի հարցին, թե արդյո՞ք նախարարը կարծում է, որ գործազուրկները աշխատանք չեն կարողանում գտնել ոչ մրցունակ լինելու պատճառով, թե՞ դրա իրական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է, նախարարն ասել է, որ երկու գործոններն էլ տեղ ունեն:

Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ ինչու է որոշվել հիմա դադարեցնել  նպաստաների ծրագիրը, եթե դրա անարդյունավետությունը վաղուց հայտնի էր և, ինչպես վարչապետ Տիգրան Սարգսյանն է արտահայտվել, դա գումարների փոշիացում էր:

«Փոշիացում բառը տեղին չէ: Այդ ծրագրով ընդգրկված մարդիկ աշխատանք փնտրողներ չեն, իսկ մեր նպատակն այլ է: Մենք դրա մասին խոսել ենք դեռ մեկուկես տարի առաջ, երբ Կառավարությունը հաստատեց իր ռազմավարությունը»,- ասել է նախարարը:

Ասատրյանը Epress.am-ին ասել է, որ մինչև հոկտեմբերի 1-ը գործազրկության նպաստ ստացել է քաղաքային բնակություն ունեցող 9000 քաղաքացի: Մեր հարցին, թե այդ 9000 մարդիկ գործազուրկների թվի որ տոկոսն են կազում, չէ որ ոչ բոլոր գործազուրկներն էին գրավցած և ստանում էին գործազրկության նպաստ, նախարարը պատասխանել է.

«Մենք արդեն երկու տարի հիմք ենք ընդունում միայն տնային տնտեսությունների հետազոտությունների հիման վրա արձանագրվող գործազրկության մակարդակը, որը 17% է կազմում: Այլևս չենք օգտագործում պաշտոնական գործազրկություն, իրական գործազրկություն տերմինները»:  

Լուսանկարը՝ Արմենպրես