«Հայ Ազգային Կոնգրեսն» իր գրասենյակի վրա այսօրվա հարձակման գնահատականը կհնչեցնի այն բանից հետո, երբ հարձակում գործած անհայտ անձին գտնեն: Այս մասին ասված է Կոնգրեսի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 12:10-ի սահմաններում ՀԱԿ կենտրոնական գրասենյակ է ներխուժել 50 տարեկանի մոտ անձնավորություն և երկու դաշույնով սկսել սպառնալիքներ տեղալ Կոնգրեսի ղեկավարության հասցեին, այնուհետև դիմել է փախուստի:
«Կոնգրեսի ներկայացուցիչներն անհապաղ տեղեկացրել են ոստիկանությանը: Ոստիկանները ժամանել են գրասենյակ և համապատասխան վկայություններ վերցրել միջադեպին ներկա անձանցից: Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այն տարածքը, որտեղով փախուստի է դիմել անհայտ անձը տեսագրվում է մի քանի տեսախցիկներով և վստահեցրել, որ դրանք բոլորը գտնվում են սարքին վիճակում:
«Այս պարագայում ոստիկանության համար դժվարություն չպետք է ներկայացնի ինչպես գրասենյակ ներխուժած անձի ինքնությունը պարզելը, այնպես էլ նրան հայտնաբերելը: Հայ Ազգային Կոնգրեսն իր գնահատակը տեղի ունեցածի վերաբերյալ կտա, երբ կհայտնաբերվի նշված անձն, ու կպարզվեն նրա արարքի դրդապատճառները: Իսկ տեսագրությունների առկայության պարագայում նրա չհայտնաբերման դեպքում միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կընկնի իշխանությունների վրա», – նշում են ՀԱԿ-ի ներկայացուցիչները: