Home / Տեսանյութեր / Նախարարը տեղյակ չէ՝ արդյոք Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատժվել է

Նախարարը տեղյակ չէ՝ արդյոք Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատժվել է

Առողջապահության նախարարությունում ատկատ չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում վստահորեն հայտարարել է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:  Նրա խոսքով՝ 2013 թվականին նախարարության մուտքերը երեք անգամ ավելացել են, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ ստվերը երեք անգամ կրճատվել է: Ամբողջովին ստվերը վերացնելու համար, ըստ Դումանյանի, պետք է անցնել առողջապահական պետական ապահովագրության: 

Լրագրողները նախարարին նաև հարցրել են դեղերի շուկայում «լևի» դեղերի մասին, մասնավորապես, «Պրեգնիլ»-ի մասին, որը անօրինական կերպով ներկրվում է «Նատալի ֆարմ» ընկերության կողմից: «Պրեգնիլի» մասին նախորդ ամսին հրապարկմամբ էր հանդես եկել «Հայկական ժամանակ» օրաթերթը: Այն հարցին, թե ներկրողը արդյոք պատժվել է՝ Դումանյանը պատասխանել է, որ Առողջապահության նախարարությունը պատիժներով չի զբաղվում:

«Մենք կարող ենք ասել՝ դեղը պիտանի է, թե ոչ, գրանցված է, թե ոչ, բայց պատիժը մենք չենք տալիս: Եթե գրանցված չէ, պետք է դեղամիջոցը առգրավվի: Տեղյակ չեմ՝ արդյոք ձեր նշած դեղամիջոցը առգրավվել է, թե ոչ»,-ասել է Դումանյանը: 

Նշենք, որ «Նատալի ֆարմ» ընկերությունը պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին:

Epress.am-ի թղթակիցը նախարարից հետաքրքրվել է՝ արդյոք նախարարության թեժ գիծը չի ստանում ահազանգներ այն մասին, որ ծննդօգնությունը անվճար չի կատարվում: Նախարարը վստահություն է հայտնել, որ այդ խնդիրը հաղթահարված է:

«Եթե ինչ-որ մեկը բժշկին մաղարիչ է անում, չպետք է հետո գնա՝ ասի, որ իրենից գումար են պահանջել»,- հայտարարել է Դումանյանը: