Նախօրեին ողբերգություն է տեղի ունեցել գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ տնօրինությունը հրաժարվել է վճարել իր աշխատակիցներից 49-ամյա Արմենի 5 ամսվա աշխատավարձը, որից հետո վերջինս հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է։
«Միկա ցեմենտ»-ի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, պատճառաբանելով, թե գտնվում է Լեռնային Ղարաբաղում, հրաժարվել է թերթի հետ հեռախոսազրույցում մեկնաբանել կատարվածը։ Գործարանի գլխավոր ինժեներ Ռազմիկ Ջոռուխյանը, թեև հաստատել է, որ Արմենը մահացել է գործարանի մուտքի մոտ, սակայն նշել է, թե կատարվածը որևէ կապ չունի աշխատավարձի հետ: