Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին «Կրասնայա զվեզդա»-ին («Красная звезда») տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, բազան կարող է միջամտել հակամարտությանը: Այս թեմայի շուրջ «Էխո Կավկազա» (Эхо Кавказа) ռադիոկայանի լրագրող Ալեքսանդր Կասատկինը զրուցել է քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:
Ռուբեն Մեհրաբյան – Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հարցազրույցը բավական ուշագրավ էր ու շատ բաների մասին էր խոսում: Ի դեպ, Հայաստանում արձագանքը տարբեր էր, բայց, միևնույն ժամանակ, զգուշավոր: Զգուշավոր էր այն առումով, որ խոսվում էր հավասարակշռության ձգտելու, Ադրբեջանին զսպելու մասին, բայց այդ մասին խոսում էր մի գնդապետ, որն այդ պաշտոնում նշանակվել է հրամաններ իրականացնելու, այլ ոչ քաղաքական հայտարարություններ կատարելու համար: Ու դա արվում է այն ժամանակ, երբ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ոչ մի նման բան չի ասում, հակառակը, ոչ միայն լղոզում է իր դաշնակցային պարտավորությունների մասին խոսակցությունը, այլև իր մասնակցությունն ուղղակի Ադրբեջանին զենք մատակարարելու բիզնես է համարում, ու այս առումով գնդապետ Ռուզինսկու խոսքերն այն մասին, թե բազան կմիջամտի Ադրբեջանի հետ հնարավոր հակամարտությանը, եթե այն որոշի Լեռնային Ղարաբաղը վերադարձնել ռազմական ճանապարհով, որոշակի տարակուսանք են առաջացնում:
Եթե այդպես է, ապա ինչո՞ւ եք զինել Ադրբեջանին: Այս հարցին պատասխան չի տրվում: Հետևաբար, իմ կարծիքով, այստեղ խոսքը գնում է հայ հասարակության համար ինչ-որ անհաջող հոգեթերապիայի սեանսի մասին՝ կրքերը ինչ-որ կերպ հանգստացնելու համար, հատկապես այն նվաստացման ֆոնին, որին Հայաստանը ենթարկվեց սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը Եվրամիության հետ 3,5 տարվա բանակցություններից հետո հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի կամավոր ցանկության մասին, ինչպես նաև հետագա նվաստացումից հետո, որին Հայաստանը ենթարկվեց հոկտեմբերի 25-ին, երբ երկիրը պարտավորվեց թույլ չտալ ոչ միայն գործողություններ, այլև որևէ հայտարարություններ, որոնք կհակասեն Մաքսային միությանն ու դրա անդամների շահերին: Ամեն դեպքում, նման որոշումներն ընդունվում են ոչ թե բազայի հրամանատարի կողմից, այլ ավելի բարձր ատյաններում:
Ալեքսանդր Կասատկին – Ռուբեն, արդյո՞ք այդ հայտարարությունը կարող է հանգեցնել որոշակի հետևանքների, մասնավորապես, շփման գծում Ադրբեջանի գործողություններում:
Ռուբեն Մեհրաբյան – Ադրբեջանը, ըստ էության, որոշակի գործողություններ ձեռնարկեց՝ այդ հայտարարությունների ողջ անլրջությունը ցույց տալու համար, երբ ադրբեջանական զինված ուժերը կրակ բացեցին Նոյեմբերյանի շրջանում Հայաստանն ու Վրաստանը կապող միջպետական մայրուղու ուղղությամբ՝ հայկական կողմին ստիպելով դադարեցնել երթևեկությունը ճանապարհի այդ հատվածով: Սա էր Ադրբեջանի պատասխանը, որը ցույց էր տալիս այդ հայտարարությունների կշիռը: Ի դեպ, ՌԴ քաղաքական ղեկավարության կողմից այս մասին որևէ դատապարտող հայտարարություն չի հետևել: Ավելին, կարելի է ասել, որ նման միջադեպերի մասին լռելու պրակտիկան միանգամայն նորմալ է: