«Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի առթիվ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: News.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը նշել է, որ դրանք դեռ չեն ուղարկվել իրենց մոտ:
Հայտնի չէ, թե ինչ ընթացք կստանա նախաքննությունը, այսինքն՝ քրեական գործ կհարուցվի՞, թե նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը կմերժվի:
Երեկ ողջ օրվա ընթացքում հայաստանյան էլեկտրոնային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է եղել «Կանազ» զինվորական հոսպիտալում գրանցված միջադեպը, որի մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում բարձրաձայնել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը, ապա պաշտոնական բացատրություններ են հետևել:
Ղալեղչյանը նոյմեբերի 3-ին 00:32-ին գրել է, որ ««Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ-որ աննորմալ դեպքեր են կատարվում»:
«Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե «մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են»:
Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի:
ՊՊԾ ու Արաբկիրի բազմաթիվ աշխատակիցներ են դեպքի վայր եկել, զինվորներից երկուսին տարել են քաղմաս: Ես ուղղակի չգիտեմ, ինչ է եղել, բայց գոնե այս եղանակով լուրը տարածվի, միգուցե ՊՆ-ն ինչ որ բացատրություն տա, պարզաբանի: Բոլոր ականատեսներին մտահոգում է, թե ինչ եղավ այդ զինվորների հետ», – նշել էր Ղալեչյանը:
Գրառումից մոտ 2 ժամ անց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, թե նոյեմբերի 2-ի երեկոյան երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի:
Միջադեպին արձագանքել են նաև իրավապաշտպանները: