«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» մտահոգված է և դատապարտում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից հոկտեմբերի 30-ին արված հայտարարությունն այն մասին, որ «հայ տղամարդն ու հայ կինը չպետք է հավասար լինեն», «դա նորմալ չի», «հայ տղամարդը իր աղջկան չի տանի ֆուտբոլի»:
Այս մասին ասված է Կոալիցիայի հայտարարության մեջ: Նշենք, որ Կոալիցիայի անդամ են կանանց իրավունքներով զբաղվող 6 հասարակական կազմակերպություններ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուբեն Հայրապետյանի խոսքերը խախտում են ՀՀ Սահմանադրության 14.1 (Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև), ՖԻՖԱ-ի Ստատուտի 3 (ռասայի, ծագման, մաշկի գույնի, ազգային, սոցիալական, լեզվական, գենդերային, սեռական կողմնորոշման հետ կապված ցանկացած խտրականություն արգելվում է և պատժվում է որակազրկումով), ՖԻՖԱ-ի վարքագծի կանոնադրության 23 հոդվածները (անհատի կամ անձանց խմբի արժանապատվության արատավորումը խտրական արտահայտություններով արգելվում է), ինչպես նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի դրույթները:
«Այսպիսով՝ Ռուբեն Հայրապետյանը, հանդիսանալով ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացող ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բացահայտորեն խախտել և արհամարհել է ՖԻՖԱ-ի վարքագծի կանոնադրությունը, ՖԻՖԱ-ի Ստատուտը, ՀՀ Սահմանադրությունը` ակնհայտ խտրական և կանանց արժանապատվությունը արատավորող արտահայտություններ հնչեցնելով: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, այդ թվում՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ՖԻՖԱ-ում անդամակցության կասեցման կամ դադարեցման վտանգը՝ պահանջում ենք պարոն Հայրապետյանի հրաժարականը», – ասված է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարության մեջ:
Հատված Ռուբեն Հայրապետյանի ասուլիսից