Home / Հայաստան / Մայրը պնդում է, որ որդուն 10 տարով ազատազրկել են առանց ապացույցի

Մայրը պնդում է, որ որդուն 10 տարով ազատազրկել են առանց ապացույցի

Այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա են անցկացրել Արագած համայնքի քաղաքացի Գուրգեն Գասպարյանի հարազատները, ովքեր  բողոքում էին Արմավիրի  դատարանի կայացրած վճռի դեմ: 

Գասպարյանը մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու մեջ և  դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նույն գործով վճիռներ կան ևս երեք հոգու դեմ: Սակայն,  ըստ բողոքի մասնակիցների, Գասպարյանի դեմ որևէ ապացույց չկա, բացի այն, որ գողությունը կատարվել է նրա ավտոմեքենայով, որը խնդրել էր ընկերներից մեկը: Քննիչի ձեռք բերած մյուս ապացույցը դատաքննության փուլում հերքվել է. վկան դատարանում հայտարարել է, որ իրեն ստիպել են ցուցմունք գրել Գուրգեն Գասպարյանի դեմ:

Դատապարտվածի մայրը՝ Անահիտ Սարգսյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը երկու անգամ դիմել էր նախագահին, սակայն դա չի օգնել, որպեսզի դատարանն արդար վճիռ կայացնի: Այժմ կողմը բողոքարկում է վճռիը վերաքննիչ դատարանում:

«Մենք չունևոր չէինք, որ տղաս գնար գողություն անելու: Ոչ մի բան հաշվի չառան, էն, որ իմ տղան այդտեղ չի եղել: Իմ տղան աշխատում էր Ռուսաստանում, նրա գործառուները գրել են, որ  Գուգենը լավ աշխատող է: Արդարադատություն կարո՞ղ է լինել այս երկրում, թե՞ ոչ: Ոչ բողոք կա, ոչ վկա, ոչ մի ապացույց: Այսպես են անում, որ մարդ չի մնում էս երկրում, բոլորը ուզում են գնալ»,- ասել է մայրը: