Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ռեժիմի դյուրացումը հնարավորություն կտա բանակցություններ սկսել ազատ վիզային ռեժիմի մասին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր` ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովների կողմից հրավիրված լսումների ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը:
ԱԳՆ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ և ԵՄ միջև վիզայի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի հիմնական դրույթները:
Վիզայի ռեժիմի դյուրացման համաձայնագիրը հստակ սահմանում է քաղաքացիների այն խմբերը, ովքեր Շենգենյան վիզա կստանան հեշտացված կարգով: Դրանք են` ՀՀ պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ԵՄ երկրներում մերձավորներ ունեցող անձինք, ուսանողները, կրթական, ակադեմիական, մշակութային, գիտական, բուժման նպատակով ԵՄ այցելողներն ու նրանց ուղեկցողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և նրանց ուղեկցողները, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կազմակերպություններից հրավեր ստացած անձինք և այլն:
Շենգենյան վիզան անվճար կլինի ՀՀ թոշակառուների, մինչև 12 տարեկան երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ուղեկցողների, ուսանողների, հետբուհական կրթությամբ զբաղվող անձանց, լրագրողների և այլ խմբերի համար: Մյուս քաղաքացիների համար Շենգենյան վիզան կարժենա 35 եվրո` այժմ գանձվող 60 եվրոյի փոխարեն:
«Համաձայնագրի դրույթները չեն տարածվում Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Դանիայի վրա, ինչը պայմանավորված է այդ երկրների միգրացիոն քաղաքականությամբ»,- ասել է Արմեն Լիլոյանը: