Թեև Վարչական դատարանը որոշում է կայացրել արգելել «Լիբեր» ՍՊԸ-ին Կոմիտաս 5 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնել, ընկերությունը շարունակում է շինարարությունը: Այս մասին Epress.am-ին ասել է հարակից շենքերից մեկի բնակիչ, շինարարության դեմ պայքարող Նելլի Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ բնակիչները դատական ակտը ցույց են տալիս շինարարներին, սակայն նրանք շարունակում են աշխատանքները:
«Մենք այսօր վճիռը տանելու ենք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Թող հարկադիրն արգելի»,- ասել է Ոսկանյանը:
Նշենք, որ դատարանի որոշումից հետո բնակիչները դիմել էին ոստիկանություն, սակայն նրանք շինարարության վայր չէին եկել:
Անօրեն շինարարությունը սկսվել էր դեռ օգոստոսից, որն ուղեկցվել է բնակիչների պայքարով: Շինարարությունը մի քանի անգամ դադարեցվել է, այնուհետև՝ վերսկսվել: Առաջին ատյանի դատարանը ևս բավարարել էր բնակիչների պահանջը, սակայն սեփականատեր Էդգար Քեշիշյանը հակընդդեմ հայց էր ներկայացրել՝ ասելով, որ շենքի կառուցման համար ինքը 40 հազար դոլար վարկ է վերցրել, և այժմ, քանի որ «բնակիչների մեղքով» կորցրել է այդ գումարը, բնակիչները պետք է փոխհատուցեն այն: