հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Թուրքիայում մահմեդականացած հայերի թիվը 1 միլիոնից ավել կարող է լինել

Թուրքիայում մահմեդականացած հայերի թիվը 1 միլիոնից ավել կարող է լինել

Մահմեդականացված հայերը շատ կարևոր դեր են ունեցել դարասկզբին Թուրքիայի հասարակության վերաձևավորման մեջ: Այս մասին Ստամբուլի Բողազիչի համալսարանում կայացած մահմեդականացված հայերի խնդիրներին վերաբերող համաժողովի ընթացքում հայտարարել է «Հրանտ Դինք» հիմնադրամի տնօրեն, համաժողովի կազմակերպիչ Այշեգյուլ Ալթինայը:

Ալթինայը, ով նաև «Torunlar» («Թոռներ») գրքի համահեղինակներից է (գիրքը պատմում է հայ անդամներ ունեցող թուրքական ընտանիքների մասին), Today’s Zaman-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան անտեսել է այս կարևոր թեման: Նրա խոսքով՝ որոշ գիտնականներ վկայում են, որ ամուսնությունների, որդեգրումների միջոցով, ինչպես նաև թուրքական ընտանիքների պաշտպանության տակ վերցվելուց ու 1915 թվականին բռնի վերաբնակեցումներից փրկվելուց հետո մահմեդական դարձած հայերի թիվը հասնում էր շուրջ 200,000-ի, ըստ այդմ նրանց թիվը կարող է միլիոնից ավել լինել:

Ալթինայը նշել է, որ ընտանիքում հայ անդամ ունենալու փաստը երկար տարիներ խտրականությունների առիթ էր դառնում. «Մենք տարիներ շարունակ տեսել ենք, թե ինչպես հայ մայր կամ հայ տատիկ ունենալը կարող էր պատճառ դառնալ, որ մարդ կորցներ իր աշխատանքը կամ դժվարություններ առաջացներ զինվորական ծառայության ընթացքում: Օրինակ, հասարակության մի շատ հայտնի բարեպաշտ անդամ պատրաստվում էր մասնակցել համաժողովին, բայց վերջին պահին մտափոխվեց»:

Համաժողովի մեկ այլ կազմակերպիչ, HAYDER կազմակերպության (Մալաթիայի բարեգործ հայերի միություն) նախագահ Խոսրով Կոլեթավիթօղլուն նշել է, որ մահմեդականացված հայերի թեմայի մասին քիչ է խոսվել: «Այս հասարակությունը պետք է դեն նետի իր բեռի մի մասը, որպեսզի կարողանա առաջ շարժվել»,- ասել է Կոլեթավիթօղլուն:

Նրա խոսքով՝ մահմեդական հայերի մասին իր կարծիքը ձևավորվել է 2001 թվականին, երբ նա գնացել էր գտնելու իր տատիկի գերեզմանը Մալաթիա նահանգի Հեքիմհան համայնքում: Միայն այն բանից հետո, երբ տեղի քաղաքապետը  հայտարարել է, որ տեղական գյուղերից մեկը կամ երկուսն իրականում ծագումով հայկական են, և հետո, երբ մի ֆրանսահայ Թուրքիայում մահմեդականցված հայերի թեմայով ուսումնասիրություն է անցկացրել, Կոլեթավիթօղլուն որոշել է գործի անցնել ու այդ թեմայով համաժողով կազմակերպել:

«Նման համաժողովներն ու հանդիպումները պետք է շարունակվեն: Մարդկանց մեծ վստահություն կհաղորդվի, երբ բոլորն ի վիճակի լինեն բացահայտ խոսել իրենց արմատների մասին», – ասել է Խոսրով Կոլեթավիթօղլուն:

Երեկ ավարտված եռօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Համշենահայերը, Համիդյան ջարդերն ու զանգվածային կրոնափոխությունները, արաբացված հայերի հարցն ու Հայոց Ցեղասպանությունը: Ներկաները լսել են նաև բռնի կերպով մահմեդականություն ընդունած մարդկանց պատմությունները:

Համաժողովին ներկա է եղել ծագումով հայ Սամի Բոյաչին: Նա նշել է, որ իր ծնվելու ժամանակ տարածված մտավախությունն այն մասին, որ հայերը կարող էին թիրախավորվել, իր ծնողներին ստիպել էր իրեն տալ թուրքական հնչողություն ունեցող «Սամի» անունը: Նրա խոսքով՝ այդ շրջանում բազմաթիվ ընտանիքներ իրենց հայ երեխաներին թուրքական անուններ էին տալիս: Բոյաչին պատմել է, որ իր պապն ու նրա քույրը կարողացել են փրկվել 1915 թվականին, բայց ինչպես շատերը, դա կարողացել են անել միայն իրենց մահմեդական հարևանների օգնության շնորհիվ:

Հայ-թուրքական «Ագօս» թերթի հիմնադիրներից մեկը՝ Սարգիս Սերոբյանը, նշել է, որ «համաժողովին պետք է ավելի մեծ թվով մահմեդականներ ներկա գտնվեին»: Նա ընդգծել է, որ թեմայի առումով, համաժոողովն աշխարհում նախադեպը չունի:

Սերոբյանը, ասելով, որ իրականում անհնար է որոշել, թե Թուրքիայում քանի մահմեդական հայ է ապրում, հայտարարել է. «Մենք անգամ չգիտենք, թե այս երկրում քանի հայ է ապրում. մահմեդական հայերի թիվը պարզելն իսկապես անհնար է: 1930թթ-ից հետո անցկացված մարդահամարի ընթացքում արգելված էր մարդկանց հարցնել իրենց ազգային արմատների մասին: Հետևաբար, անգամ պետությունը, որը մեզ որակավորել է որպես ոչ մահմեդական, չգիտի հայ անդամներ ունեցող ընտանիքները թիվը»: