Home / Հայաստան / ՀՀԿ-ն «ճիշտ» է համարում Իշխան Զաքարյանի վերընտրությունը

ՀՀԿ-ն «ճիշտ» է համարում Իշխան Զաքարյանի վերընտրությունը

Իշխող Հանրապետականը ոչ միայն հնարավոր, այլև ճիշտ է համարում, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերընտրվի Իշխան Զաքարյանը:

Այսօր լրանում է Իշխան Զաքարյանի պաշտոնավարման 6 տարին, և օրենքի համաձայն առաջիկա օրերին նախագահ Սերժ Սարգսյանը այս պաշտոնում կառաջադրի իր թեկնածուին, իսկ Ազգային ժողովն էլ փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի նրան:

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում դրական է գնահատել Իշխան Զաքարյանի անցած 6 տարիների աշխատանքը՝ հավանական համարելով, որ հեց նա էլ կվերընտրվի այդ պաշտոնում:

«[Զաքարյանի վերընտրությունը] ոչ միան հնարավոր եմ համարում, այլև կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ նորից նույն թեկնածուն առաջադրվի, որովհետև դա կանխարգելիչ կառույց դարձավ, կառույցի հիմնական բնույթը այն չէ, որ մարդկանց բռնի և հանցագործ ճանաչի, կառույցի բնույթն այն է, որ կարողանա չարաշահումների ամբողջ գործունեությունը ինչ-որ ձևով խոչընդոտի։ Այդ իմաստով էլ բավականին լուրջ, դրական գնահատական ունի Վերահսկիչ պալատը»,- ասել է Սահակյանը։

Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները հիշեցնում են Իշխան Զաքարյանի աղմկահարույց հաշվետվությունները, որտեղ Վերահսկիչ պալատի նախագահը բարձրաձայնում էր չարաշահումների, բյուջեի մսխումների մասին, և այդ ամենի համար այդպես էլ որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, գործերը ուղարկվում էին դատախազություն, և հետո անհայտ էր մնում, թե դրանք ինչ ընթացք էին ստանում, բացառությամբ թերևս Վազգեն Խաչիկյանի գործը:

Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մատնանշում է Իշխան Զաքարյանի վերջին հաշվետվությունը, որտեղ նա բյուջեի 70 տոկոսը վտանգված էր համարել: Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ այդ հաշվետվությունը թույլ էր տալիս ասելու, որ Իշխան Զաքարյանը լուրջ աշխատանք է կատարել, այլ հարց է, որ մինչև օրս անհայտ է, թե ինչ ընթացք են ստացել այդ գործերը: Հիշեցնենք, այդ չարաշահումների հետ կապված գործերն Ազգային ժողովի նախագահը ամիսներ առաջ ուղարկել էր դատախազություն:

«Ես այն կարծիքին եմ, որ ամեն դեպքում գործերը փակվել են»,- ասել է Սարգսյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ գնահատելով Իշխան Զաքարյանի աշխատանքը, պետք է խոսել արդյունքների մասին, մինչդեռ այսօր արդյունք չկա։

«Իշխան Զաքարյանի կողմից հստակ նշված էր տեղը, որտեղից այդ գումարները յուրացվել էին։ Հստակ նշված էր՝ որ գերատեսչություններ են այդ գումարների թալանի համար պատասխանատու եղել։ Անձինք կան, պաշտոնյաները կան, գումարները կան, բայց չկա որևիցե մի անձ, ով կանչվել է պատասխանատվության»,- ասել է Փոստանջյանը։