Փակ շուկայի վերականգնման պայքարի առաջին իսկ օրերից պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (ՀՀԿ խմբակցության անդամ, օլիգարխ) և նրա շրջանակի անձինք պարբերաբար սպառնում և հետապնդում են «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության միջոցառումներին մասնակցող քաղաքացիներին: Այս մասին ասված է «Նախախորհրդարան» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
«Նրանց ուշադրության կենտրոնում են հայտնվել «Նախախորհրդարան»-ի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանն ու նրա ընտանիքի անդամները, ովքեր նոյեմբերի 2-ին հետապնդման են ենթարկվել Ալեքսանյանի ու նրա անձանց կողմից: Նրանք թե ոտքով, թե ավտոմեքենաներով հետևել են Եղնուկյանին Մաշտոցի պողոտայից մինչև Զաքյան փողոցի բնակարանը: Նոյեմբերի 4-ին Ալեքսանյանի շրջանակի 6-7 անձինք՝ L3101 և 29LO026 համարանիշներով տաքսի, 10UD100 համարանիշով «Ֆոյկսվագեն տուարեգ» մակնիշի, 10UD010 համարանիշի «Հյունդայի» և «Մերսեդես CLK» մակնիշի մոխրագույն (համարանիշը չի ֆիքսվել) ավտոմեքենաներով շարունակվել են հետապնդումը», – նշում են հայտարարության հեղինակները:
Հայտարարությունում նշվում է նաև, որ հետապնդումը շարունակվել է նույնիսկ այն բանից հետո, երբ Եղնուկյանի կանչով ոստիկանությունը ժամանել և ճշտելով հետապնդող ավտոմեքենաների համարանիշները՝ հեռացել է:
«Եղնուկյանը և նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակցիայի մասնակիցները և նրանց ուղեկցող ոստիկանները բոլոր հետապնդողներին դեմքով ճանաչում են: Այդ անձինք մշտապես ուղեկցում են նախաձեռնության երթերի մասնակիցներին և պարբերաբար փորձում են բախումներ հրահրել: Հետապնդողների սանձարձակ վարքը և ոստիկանության անտարբերությունն ու անգործությունը հիմնավոր կասկած են առաջացնում, որ ոստիկանությունը և մյուս իրավապահ մարմինները հովանավորում են Ալեքսանյանին և նրա շրջանակի անձանց», – նշված է հայտարարության մեջ:
Նախաձեռնությունն ընդգծել է, թե այդ մասին են վկայում իր և իր ընտանիքի անդամների անվտանգության ապահովման վերաբերյալ Եղնուկյանի բազմաթիվ դիմումների անհիմն կերպով մերժումը, ինչպես նաև «ոստիկանության պետի կանխակալ ու ոչ իրավաչափ հրապարակային դիրքորոշումը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան Փակ շուկան հանցավոր գործողություններով վնասելու դեպքի վերաբերյալ»: