Home / Տեսանյութեր / «Մորս որ ծեծում էր, մեջ էինք ընկնում». ամուսինը մի քանի անգամ դանակահարել է կնոջը

«Մորս որ ծեծում էր, մեջ էինք ընկնում». ամուսինը մի քանի անգամ դանակահարել է կնոջը

Հոկտեմբերի 9-ին Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Սիրանույշ Աղաբեկյանը, որին ամուսինը դանակով մի քանի հարված էր հասցրել ականջի և ուսի շրջանում: Բժշկի խոսքով՝ Սիրանույշի բախտը բերել է: Հարվածի միլիմետրի շեղումը կարող էր կնոջը հաշմանդամ դարձնել: Սիրանույշ Աղաբեկյանի պատմությունը ներկայացրել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի լրագրող Նելլի Բաբայանը:

«Վնասված հատվածով արտաքին քնային զարկերակն է բարձրանում, ուղղակի բախտը բերել է, որ զարկերակը չի վնասվել, թքագեղձի ամբողջ հաստությամբ վնասվածքը գնում էր, բախտի հարց է եղել, որ չի դիպչել», – ասել է Վանաձորի հիվանդանոցի դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Պապյանը, որը Սիրանույշի բուժող բժիշկն է:

Դեպքից մեկ շաբաթ հետո տիկին Սիրանույշը հիվանդանոցից դուրս է գրվել, հիմա աշխատում է, բայց առողջությունն ամբողջությամբ դեռ չի վերականգնվել:  

Նելլի Բաբայանը նշում է, որ կնոջը դժվար է բախտավոր անվանել՝ ամուսինը տարիներով «օր ու արև» չի տվել թե՛ նրան, թե՛ երեխաներին:

«Էնքա՜ն ա եղել կռիշում ենք քնել, սրա-նրա տանը… հոգնել էինք: Համարյա ամեն օր հարբած էր, էնա, որ խմում էր, ձեռքի տակ ընկածը շպրտում էր մեր վրա, տանը բան չի մնացել, սաղ ջարդելա», – հոր՝ Լևոն Աղաբեկյնաի մասին պատմել է Սիրանույշի դուստրը՝ Մարինեն: Լևոնը չէր աշխատում, դստեր պատմելով՝ անտառից հատապտուղ էր հավաքում մոր հետ միասին, շուկայում վաճառում, բայց ամբողջ գումարը խմիչքի վրա էր ծախսում:

«Հարբում էր, իրան կորցնում ու ամենավերջին ուշունցները մեզ տալիս: Մորս որ ծեծում էր, մեջ էինք ընկնում, մեզ էլ էր խփում: էս ամեն ինչը մի օր, մի վատ բանով պիտի վերջանար», – ասել է Մարինեն: Մորը հոկտեմբերի 9-ին դանակով վնասելն առաջին դեպքը չէ:

1siranush

Մարինեն ասում է, որ մոտ 2 տարի առաջ էլ հայրը դանակահարել է մորը, սակայն այդ անգամ վնասը թեթև է եղել, քանի որ Սիանույշի ձմեռային հագուստները նրան փրկել են, բայց փոխարենը մորը նորից ծեծել է: Հարցին, թե ոստիկանություն դիմե՞լ են, Մարինեն պատասխանել է. «Հա բա ինչ ենք արել, գործ չեն հարուցել, ասել են, բան չկա: Մաման անընդհատ տենց վնասվածքներով գնում էր, բողոքում էր, ասում էին՝ լավ չեք բողոքում, լավ բողոքելը ո՞րն ա: Եսիմ, ինչ էին ուզում»:

Խմիչքի սիրահար այս տղամարդու ընտանիքը ամեն հերթական ծեծ ու ջարդից հետո թողել հեռացել է. մեկ Ենոքավան գյուղում են բնակություն հաստատել, մեկ` մորաքրոջ կամ հորեղբոր տանը:

«Որ մենակ ինձ տանջեր ու ծեծեր, կասեի՝ հա, բայց էրեխեքիս ինձ հավասար տանջում էր, վախում էի, որ մի օր իմ ջահել 18 տարեկան տղես կյանքը բերդում կանցկացնի: Նա հաստատ էդ ծեծի ժամանակ կարար հորը խփեր, բա աչքի դեմը հերը մորը ծեծում էր, բա ինչ կաներ»,- պատմել է տիկին Սիրանույշը` ցույց տալով դեմքի վիրակապը ու Աստծուն փառք տալով, որ գոնե այդ վնասվածքով դեպքն ավարտվեց ու միայն ինքը տուժեց:

Ընտանիքը բազմիցս խնդրել է Լևոն Աղաբեկյանին դիմել բժշկի, որպեսզի ալկոհոլի կախվածությունից ազատեն, բայց, ինչպես Սիրանույշն է ասել՝ «Լևոնը հրաժարվում էր ու ասում` ես հիվանդ չեմ, հիվանդը դուք եք, ճաշիս մեջ բան եք գցում, որ գժվեմ»:

«Բայց որ խմում էր, չեք պատկերացնի ինչեր էր անում, էդ պատմելու չի: Ամենամեղմը` մի անգամ գազի վրա եռացող ճաշը վերցրել ա ու մեր վրա շպրտել: Տունն էլ կծախեի, մենակ թե բուժվեր, ընտանիքս չքայքայվեր, բայց չէր ուզում գնար բուժման, միլիցայությանն էի խնդրել օգնեն, ասել են, որ տենց օրենք չունեն, որ ստիպողաբար ուղարկենք բուժման», – պատմել է կինը:

Տիկին Սիրանույշն ասել է, որ ամուսնու կողմից բռնությունից հետո կապտուկներով դիմել է դատական բժկի, ոստիկաններին խնդրել է պատասխանատվության ենթարկել, բայց վերջիններս ասել են` «Կալանավորելու հիմքեր չկան, 50-100 հազար դրամ տուգանք է հասնում, կարա՞ք մուծեք, որ գործ հարուցենք»: Տիկին Սիրանույշն էլ ասել է. «Ինձ որտեղի՞ց էդքան փող, որ համ չէինք ազատվելու դրանից, համ էլ պարտք հավաքեմ ու տուգանք մուծեմ»:  

Ներկայումս Լևոն Աղաբեկյանը կալանավորված է: Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Նարեկ Օսյանը Նելլի Բաբայանի հետ զրույցում վստահեցրել է, որ Լևոն Աղաբեկյանի գործը մեկ շաբաթից կուղարկվի դատարան, նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջության միջին ծանրության վնաս պատճառելը): Լրագրողի այն դիտարկմանը, որ Սիրանույշ Աղաբեկյանը մի քանի անգամ դիմել է ոստիկանություն՝ ամուսնու կողմից ծեծվելու առիթով, բայց ոստիկանությունը որևէ անգամ գործ չի հարուցել, պարոն Օսյանն ասել է. «Կան դեպքեր, երբ բողոքում են, հետո գալիս են ասում՝ մենք հաշտվել ենք, չենք ուզում քրեական պատասխանատվության ենթարկվի, այս պարագայում քրեական գործ չի հարուցվում: Չգտեմ՝ իրենք ինչի մասին են խոսում, բայց մենք իրավունք չունենք մարդուն ազատությունից զրկենք, եթե մարդը ալկոհոլ է օգտագործում»: Այն դիտարկմանը, որ հարբած ժամանակ կնոջը ծեծի է ենթարկել, այդ առիթով են բողոքել, Օսյանն ասել է՝ «Եթե ինքը բողոքի, ասի` ես ուզում եմ քրեական պատասխանատվության ենթարկվի, գործ կհարուցվեր»:

Չնայած, դատարանը կորոշի, թե Լևոն Աղաբեկյանը քանի տարով կդատապարտվի, որքան ժամանակ կալանավորված կմնա, բայց Սիրանույշ Աղաբեկյանի ու նրա երեխաների վախը չի անցնում, ու քանի մոտենան Աղաբեկյանի կալանքից ազատվելու օրերը, ընտանիքի անդամները ահ ու սարսափի մեջ են լինելու, գրում է Նելլի Բաբայանը:

«Նա մեկ ա, դուրս էլ գա, ինձ էլի հետապնդելու ա, քանի անգամ ա ասել` դու իմ աչքի առաջ չպիտի ապրես, սպանելու եմ: Չգիտեմ, թե ուր փախնեմ: Չեմ պատկերացնում, ինչ եմ անելու: Նրանից պրծում չկա», – ասել է կինը: