02:00 Ոստիկանության բաժնից ազատ է արձակվել Լեհաստանի դեսպանի խորհրդական Արմեն Ղազարյանը, ինչպես նաև Կարեն Հարությունյանը, Վիլեն Գաբրիելյանը, Վահագն Մինասյանը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ վերջիններիս կալանավորել են 72 ժամով: Նշենք նաև, որ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշել է, որ բախումների ժամանակ ոստիկան է դանակահարվել:
23:59 Կեսգիշերին մոտ հայտնի է դարձել, որ ակտիվիստներ Կարեն Հարությունյանին, Վիլեն Գաբրիելյանին, Վահագն Մինասյանին և Դավիթ Հարությունյանին կալանավորել են 72 ժամով: Բերման ենթարկված մոտ 40 ակտիվիստներն օրենքով նախատեսված 3 ժամից ավելին են անցկացրել ոստիկանությունում: Ազատ է արձակվել միայն araratnews.am կայքի խմբագիր Ալեն Սիմոնյանը: Նշենք, որ բերման ենթարկվածների թվում է նաև Լեհաստանի դեսպանի խորհրդականը` Արմեն Ղազարյանը: Ոստիկանությունը Մաշտոցի պողոտայի դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցել 316 ոհդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի ուժ կիրառելը:
21:00 20:55-ի սահմաններում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել Երևանի Կենտրոնի ոստիկանության մոտ հավաքվածների մարդկանց նկատմամբ, ովքեր եկել էին սատարելու Շանթ Հարությունյանի երթից հետո ձերբակալված ակտիվիստներին:
Ինչպես հայտնում է Epress.am-ի թղթակիցը, ոստիկանները մի խումբ ընթերակաների են բերել ու հավաքված քաղաքացիներից պահանջել են հեռանալ ոստիկանության բաժնի մոտից, որպեսզի ընթերակաները ներս մտնեն: Քաղաքացիները, որոնց թվում են եղել ձերբակալված ակտիվիստների հարազատները, պահանջել են ասել, թե ովքեր են այդ ընթերակաները:
Ոստիկանները հրաժարվել են հարցերի պատասխանել, ապա սկսել են հրել և հարվածել հավաքվածներին՝ հեռացնելով նրանց մուտքի մոտից: Հավաքվածները սկսել են գոռալ «Թուրքեր, թուրքեր», «Գնացեք ձեր մերերին տենց խփեք» և այլն:
Այս պահին ոստիկանության շարքերը փակել են դեպի բաժին տանող ճանապարհը: Նշենք, որ ոստիկանության բաժին է մտել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ բաժնում են 30-ից ավելի բերման ենթարկվածներ, որոնցից մեկը՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին: Պատգամավորին չեն հայտնել՝ արդյոք քրեական գործ է հարուցվել և խոստացել են ավելի ուշ տրամադրել բերման ենթարկվածների ցուցակները: