Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել են հանդիպել նոյեմբերին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ համանախագահները նոյեմբերի 4-ին և 5-ին Բաքվում և Երևանում հանդիպումներ են անցկացրել երկու երկրների Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների հետ:
Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:
«Երկու երկրների նախագահները հաստատել են 2013 թվականի նոյեմբերին հանդիպելու իրենց մտադրությունը՝ հակամարտության կարգավորման մասին իրենց դիրքորոշումները հստակեցնելու ու առաջ ընթանալու նպատակով:
Համանախագահները շարունակում են հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Նրանք կողմերին կոչ են արել զերծ մնալ որևէ գործողություններից կամ հայտարարություններից: Ռազմական գործողությունները, հատկապես այս պահին, կարող են ընկալվել որպես գործընթացին վնաս հասցնելու փորձ»,- ասվում է հայտարարության մեջ: