Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում Դ.Խաչատրյան, Ն.Տավարացյան, Ս.Միքայելյան կազմով պետք է լսվեին «Մատաղիսի գործով» արդարացվածների՝ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի բողոքները:
Դատավոր Ս.Միքայելյանի հիվանդության պատճառով նշանակված բոլոր նիստերը հետաձգվել էին, քանի որ այլ կազմով նիստ անելու հնարավորություն չկար (երեկ նույն դատավորի հիվանդության պատճառով չհետաձգվեց դատական նիստը, և «Միլանոյի գործով» բերված բողոքը քննվեց, երբ դատավորներին միացավ դատավոր Ա.Պետրոսյանը): Նիստի հետաձգման մասին Aravot.am-ին հայտնել է դատավոր Դ.Խաչատրյանի օգնականը:
Բողոքաբեր կողմը վիճարկում էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի վճիռը, համաձայն որի Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի (լուսանկարում)` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջների վերաբերյալ հայցապահանջը մերժվել էր:
«Իրավունք» թերթում «Ջհանգիրյանը չի փոխել իր կարծիքը Մատաղիսի գործով» վերնագրով Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցում նախկին զինդատախազն ասել էր. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»: Իսկ 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Aravot.am էլեկտրոնային կայքում հրապարակված «Ջհանգիրյանը մեղքի զգացում բացարձակ չունի` Մատաղիսի գործով» հարցազրույցում ասել էր. «Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են»: Ջհանգիրյանը նաև ասել էր. «Ուրեմն ինձանից հետո պաշտոնավարել է երկու զինվորական դատախազ: Երկրորդ զինդատախազը նույն մեղադրանքով նույն անձանց վերաբերյալ այդ գործն ուղարկել է դատարան, երրորդ դատախազի օրոք այդ մեղադրանքը պաշտպանվել է դատարանում, դիմեք իրենց»: Հարցին` դուք ձեզ մեղավո՞ր եք զգում` նա պատասխանել էր. «Բացարձակ: Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին»: