Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին միանալու մտադրությունները և հայտարարությունը պաշտպանել են Մաքսային միության բոլոր երկրների նախագահները: Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրված Փոխգործակցության խորացման հուշագիրն ապահովում է Հայաստանի բոլոր կառույցների ներգրավումը Մաքսային միության մարմիններում՝ սկսած բարձրագույն՝ Եվրասիական տնտեսական խորհրդից ավարտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովով և նրա կոլեգիայով: Այս մասին երեկ Երևանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (ԵՏՀԿ) նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Կողմերը մինչ ասուլիսըստորագրել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև Փոխգործակցության խորացման հուշագիրը:
«Դա տեղեկատվության հասանելիություն է, հնարավորություն՝ պաշտոնապես առաջարկություն ներկայացնել այն որոշումների վերաբերյալ, որոնք քննարկվում և ընդունվում են մեզ մոտ՝ Մաքսային միությունում և միասնական տնտեսական տարածքում: Դա մշտական լիազոր ներկայացուցչի ամրագրում է հանձնաժողովում, որը կլինի ուղիղ վիրտուալ էլեկտրոնային մուտք այն աշխատանքներին, որոնք այսօր իրականացվում են միասնական տնտեսական տարածքում: Դա կարևոր բաղադրիչ է Մաքսային միությանը, միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճանապարհին: Բացի դա, մենք այսօր բարեհաջող աշխատել ենք նաև բարձրագույն խորհրդի որոշումների շուրջ՝ փաստաթղթերի պատրաստման գործընթացի իրականացման և ճանապարհային քարտեզի ձևավորման գործընթացի շուրջ և հաջորդ գագաթաժողովի ժամանակ մեր նախագահներին այս աշխատանքի վերաբերյալ ներկայացվելիք զեկույցի ուղղությամբ: Մի շարք մասնագետներ երեկ, այսօր, վաղը աշխատելու են այդ բոլոր ասպեկտների, կետերի շուրջ՝ արդեն բոլոր երկրների կառավարությունների միջև հետագա աշխատանքի և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի ուղղությամբ», – ԵՏՀԿ-ը նախագահի խոսքերը փոխանցում է ՀՀ կառավարության կայքը:
Պատասխանելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին՝ Խրիստենկոն նշել է, որ «ղարաբաղյան պատմությունը դուք ինձանից ավելի լավ գիտեք»:
«Այն չի ծագել ո՛չ հիմա, ո՛չ էլ Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության հայտարարության հետ կապված: Դրա համար կան ուրույն ձևաչափեր և մասնագետներ տարբեր պետություններից, որոնք զբաղվում են այդ թեմայի կարգավորմամբ, խնդրի լուծման ճանապարհների որոնմամբ: Մենք ցանկանում ենք հաստատականություն, փոխզիջումներ այս խնդրի լուծման ճանապարհը գտնելու մեջ, որն այսպես թե այնպես լուծվող է: Ինչ վերաբերում է տնտեսական հարթությանը, որն այսպես թե այնպես ի հայտ է գալիս Հայաստանի Մաքսային միությանը ինտեգրման շրջանակում, ապա տնտեսական զարգացումը երբևէ չի վատթարացրել այս կամ այն չկարգավորված իրավիճակները և նույնիսկ կոնֆլիկտները, այլ որպես կանոն նպաստել է դրանց կարգավորմանը: Իմ տեսանկյունից, չնայած մեր հանձնաժողովը քաղաքական հանգամանքների շրջանակից դուրս է, այսօրվա իրավիճակը ո՛չ խոչընդոտ է Հայաստանի ծրագրերի իրագործմանը, ո՛չ էլ այդ ծրագրերի իրագործումը որևէ կերպ կբարդացնի, հակառակը՝ կլավացնի Ղարաբաղի շուրջ իրավիճակը», – ասել է Խրիստենկոն:
Նա նաև նշել է, որ չի փորձի ամրագրել որևէ ժամկետ, թե երբ Հայաստանը կդառնա Մաքսային միության լիիրավ անդամ:
«Չեմ տեսնում ոչ մի անհաղթահարելի խնդիրներ և խրթին հարցեր՝ սկսած ընդհանուր սահմանների հետ կապված հարցերից վերջացրած՝ այլ ավելի քիչ կարևորություն ունեցող հարցերով: Այդ ամենը լուծելի է, և ես ոչ մի հիմք չեմ տեսնում ասելու, որ կան որևէ քաղաքական արգելակներ այդ գործընթացը իրագործելու մեջ: Ամենակարևորը՝ պետք է անցնել գործընթացի իրագործմանը, և այդ ժամանակ բոլոր հարցերը և բարդությունները կմնան հետևում», – նշել է Խրիստենկոն:
Վերջինիս խոսքով՝ Թուրքիայի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ոչ մի հայտարարություն դեռևս չկա:
«Շատ պետություններ են մտադրություն և հետաքրքրություն հայտնում Մաքսային միության հետ փոխհամագործակցության ընդլայնման առնչությամբ: Մասնավորապես, Հնդկաստանը վարչապետի այցի ժամանակ Մոսկվայում կրկին ցանկություն է հայտնել ունենալ փոխհամագործակցության առաջադեմ ռեժիմ Մաքսային միության հետ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մակարդակով և այլն: Ընդհանրապես պետությունների քանակը, որոնք այսօր հայտարարում են, որ ցանկանում են նմանատիպ հարաբերություններ ձևավորել, հասնում է 36-ի: Որոշակի ուղղություններով այսօր աշխատանք է տարվում Վիետնամի, Նոր Զելանդիայի, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ: Հիմա Շվեյցարիայի հետ կտարվի այդպիսի աշխատանք: Թուրքիան չկա թեկնածուների մեջ, և նրա հայտարարությունը չի ուսումնասիրվել: Եվ դա նշանակում է, որ այն, ինչ չկա, չի կարող խանգարել և վնասել: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, ես այն չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել և այդքան էլ կոռեկտ չէ մեկնաբանել ինքնիշխան պետության նախագահի հայտարարությունը: Բայց կարող եմ ասել, որ Մաքսային միության իրավունքի տեսանկյունից որևէ մեկի կարծիքը, բացի Մաքսային միությանը միանալու թեկնածուի և մասնակիցների, չի պահանջվում այս ամբողջ ծրագրի իրականացման համար: Պայմանագիրը, որը պատրաստվում է ստորագրման, ստորագրվելու է չորս ղեկավարների կողմից», – ասել է ԵՏՀԿ-ը նախագահը: