Մի շարք ադրբեջանական, հայկական, վրացական և թուրքական հասարակական կազմակերպություններ որոշել են համատեղ հեռուստատեսային ծրագիր ստեղծել ու այն հեռարձակել ինտերնետի միջոցով: Ծրագիրը կոչվում է «Sülh TV», որը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «խաղաղություն»: Գաղափարն իրագործվում է ամերիկյան «Գերմանական Մարշալի հիմնադրամ»-ի աջակցությամբ:
Ծրագրի կազմակերպիչներից մեկը՝ Ադրբեջանի Եվրոպական շարժման նախագահ Ռամին Հաջիլին պատմել է, որ «Sülh TV»-ի շրջանակներում նկարահանվելու է խաղարար թեմայով ֆիլմ: Նրա խոսքով՝ նախաձեռնությանը միացել են Հայաստանի Եվրոպական շարժումը, Թուրքիայի Եվրոպական շարժումը, Վրաստանի Եվրոպական շարժումն ու Միջազգային Եվրոպական շարժումը:
Ինչպես հայտնում է Oxu.az կայքը, «Sülh TV»-ի գաղափարը Ադրբեջանում որոշ մարդկանց քննադատությանն է արժանացել:
«Մենք բացասաբար են վերաբերվում այս ծրագրի իրագործմանը: Դա «ժողովրդական դիվանագիտության» մասն է: Եթե ձեր տարածքներն օկուպացված են, դուք պետք է թշնամիներ լինեք: Եթե քո տարածքները գրավված են, իսկ դու բարեկամական հարաբերություններ ես հաստատում, ուրեմն դու աննորմալ ես: Քանի դեռ մեր տարածքները գտնվում են օկուպացված են, բարեկամության մասին խոսք անգամ լինել չի կարող: Հակառակն անողը մանկուրտ է»,- հայտարարել է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ակիֆ Նագին:
Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովը նշել է, որ նոր ինտերնետային հեռուստատեսության միջոցով կարելի է հայ երիտասարդությանը բացատրել, որ «չի կարելի գրավել այլոց հողերը»:
««Ես «Sülh TV»-ի ստեղծումը դրական եմ գնահատում: Երիտասարդությունը մեր ապագան է: Նրանք պետք է միմյանց հետ շփվեն, կապ պահպանեն: Հետևաբար, ես դրական եմ վերաբերվում այս ծրագրին: Հայ երիտասարդությանը պետք է բացատրել՝ չի կարելի գրավել այլոց հողերը»:
Բայրամ Սաֆարովը նաև անդրադարձել է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ակիֆ Նագիի կարծիքին՝ ասելով. «Դա Ակիֆ Նագիի սուբյեկտիվ կարծիքն է: Ավելի լավ է խաղաղություն լինի: Եվ Ադրբեջանը, և Հայաստանը բանակցություններ են վարում: Ամեն ինչ պետք է բացատրել ու պարզաբանել»:
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ֆլորա Հասիմովան նույնպես դրական է վերաբերվում այս նորությանը. «Հարկավոր է երկու երկրների միջև խաղաղություն հաստատել: Եթե այս ծրագիրը տարածաշրջանում խաղաղության համար պայմաններ է ստեղծելու, ապա այն դրական է: Մենք դրա համար ենք աշխատում: Թշնամությունն ինչքա՞ն պետք է շարունակվի»: