Նոյեմբերի 8-ից իրանական կողմն անհայտ պատճառներով փակել է Ադրբեջանի հետ սահմանի բոլոր անցման կետերը: Ինչպես հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը, նոյեմբերի 6-ին Իրանի ու Նախիջևանի սահմանային անցակետին իրանական կողմը կրակ է բացել Արաքս գետի ադրբեջանական կողմում աշխատող տրակտորի ուղղությամբ:
Ադրբեջանը հարցում է ուղարկել հրաձգության պատճառի մասին, ինչից հետո փակվել են սահմանային անցակետերը: Հարցմանը մինչ այժմ չեն պատասխանել:
Ներկա պահին Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ սահմանային մի քանի անցակետերում Իրան մտնելու թույլտվության են սպասում:
Ինչպես հայտնում է Conact.az-ը, պաշտոնական Բաքուն տեղի ունեցածը դեռևս չի մեկնաբանել. ոչ պաշտոնական զրույցում մաքսային ծառայության ներկայացուցիչը խոստովանել է, որ Իրանը սահմանը փակել է առանց որևէ բացատրության:
Իր հերթին, Բաքվում Իրանի դեսպանությունը հաստատել է սահմանը փակելու փաստը: Ըստ դեսպանության՝ պատճառը Ադրբեջանի կողմից «Շախթախթի» (Նախիջևան) սահմանային անցակետի փակելն է: Turan-ը, սակայն, հայտնում է, որ «Շախթախթի» անցակետում ադրբեջանական կողմից ճանապարհը բաց է. «Ադրբեջանից ուղևորատար ավտոբուսներն այն անցել են, բայց կանգնեցվել են իրանական կողմում»:
Նշենք, որ երկու երկրների սահմանին գործում է 5 սահմանային անցակետ. երկուսը՝ Նախիջևանում, երեքը՝ Ադրբեջանի հարավում: Անցակետերով երկու կողմերից օրական մի քանի հազար մարդ է անցնում: