Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայի դեպքերի հետևանքով բերման ենթարկված քաղաքացի Դավիթ Գևորգյանը պնդում է, որ իր, ինչպես նաև այլ բերման ենթարկվածների նկատմամբ ոստիկանության կատարած գործողությունները անօրեն են եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գևորգյանը պատմել է, որ ինքը չի մասնակցել երթին: Իմանալով, որ երթևեկությունը փակվել է՝ մոտեցել է Ազատության հրապարակին, որտեղից էլ բերման է ենթարկվել առանց որևէ հիմնավորման, 3.5 ժամ շարունակ ոստիկանության բաժնում փորձել է ճշտել՝ ինչու են իրեն բերման ենթարկել: Ըստ Գևորգյանի՝ ժամեր շարունակ ոստիկանները փորձում էին պարզել՝ որ ոստիկանն է նրան բերման ենթարկել:
«Հետո ասացին, որ քրեական գործ կա հարուցված քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի երկրորդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Միայն 6-7 ժամ հետո կազմեցին ինձ բերման ենթարկելու մասին արձանագրությունը»,- ասել է Գևորգյանը, ում նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:
Քննարկմանը մասնակցող ՁՎՊ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամ Նելլի Հարությունյանն ասել է, որ ինքն այցելել է առնվազն 10 ձերբակալվածների: Նրա խոսքով՝ խախտվել է նրանց տեսակցելու, ինչպես նաև զանգեր կատարելու իրավունքը:
Քննարկման մասնակից քաղաքագետ Էդգար Վարդանյանն էլ նկատել է, որ քաղաքակիրթ երկրներում երբ քաղաքացիներն իրենց անհնազանդությունն են ցուցաբերում, օրինակ՝ անարխիստները կոտրում են բրենդային խանութների ապակիները, այրում են շենքեր, ոստիկանները սպասում են, որ ակցիան իրականացվի, ապա նոր միայն սկսում են ձերբակալություններն ու բերման ենթարկելը, քանի որ քաղաքացիներն ունեն ընդվզելու իրավունք: