Արդեն երկրորդ շաբաթն է՝ «Հայկական ժամանակ»-ի խմբագրությանը չի հաջողվում կապ հաստատել Բաղրամյան 26-ում տեղավորված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ։ Թերթը նշում է, որ հանձնաժողովի ողջ անձնակազմն այսքան ժամանակ «սամավոլկա է թռել Սերժ Սարսգսյանի քթի տակից»։
«Զանգերին ոչ ոք չի պատասխանում։ Հանձնաժողովի «սամավոլկան» այնքան երկար տևեց, որ մեզ սկսեց արդեն հետաքրքրել, թե որքան գումար են ստանում հանձնաժողովի աշխատակիցները՝ չաշխատելու համար։ Ինչպես և պետք էր սպասել՝ բավական մեծ։ ԲՊԱԷՀ աշխատավարձը սահմանված է Հանրային ծառայության մասին օրենքով հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետբյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված՝ քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի 15-ապատիկի չափով, նախագահի տեղակալինը՝ 16-ապատիկի չափով, նախագահինը՝ 17-ապատիկի չափով։
Այս պահին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնյայի դրույքաչափը հավասար է 40 հազար դրամի։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի անդամներ Արմեն Խուդավերդյանը, Արտակ Սարգսյանը և Լիլիթ Պետրոսյանը ստանում են 600 հազարական դրամ, հանձնաժողովի փոխնախագահ Արեգ Շուշյանը՝ 640 հազար դրամ, իսկ նախագահ Էմիլ Բաբայանը՝ 680 հազար դրամ աշխատավարձ։ 2014թ. հուլիսի 1-ից սպասվում է քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի փոփոխություն մինչև 66 հազար դրամ։ Այդ ժամանակ ԲՊԱէՀ անդամները կստանան 990 հազար դրամ, փոխնախագահը՝ 1 միլիոն 56 հազար դրամ, նախագահը՝ 1 միլիոն 122 հազար դրամ», – գրում է թերթը։