Home / Հայաստան / «ՔԿՀ-ի սմենի պետի դեր եք խաղում». պատգամավորը բացատրել է՝ ինչու է դեմ Իշխան Զաքարյանին

«ՔԿՀ-ի սմենի պետի դեր եք խաղում». պատգամավորը բացատրել է՝ ինչու է դեմ Իշխան Զաքարյանին

Այսօր Ազգային ժողովում մի քանի ընդդիմադիր պատգամավորներ քննադատության են ենթարկել ՎՊ-ի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին (լուսանկարում):

ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Նիկոլ Փաշինյանը հարցրել են՝ ինչպես պատահեց, որ իր նախորդ պաշտոնավարման ընթացքում բյուջեի միջոցների վատնման մասին բարձրաձայնած Զաքարյանին Սերժ Սարգսյանը կրկին առաջադրել է ՎՊ-ի նախագահի պաշտոնում (Զաքարյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է նոյեմբերի 5-ին – խմբ.):

«Ի՞նչ երաշխիք կա, որ ձեր վրա չեն ազդել և ձեր մոտեցումները չեն փոխվել, և դուք աչք չեք փակի բյուջեի վատնման վրա», – մասնավորապես, ասել է Լևոն Զուրաբյանը:

«Ընդամենը հինգ ամիս առաջ մեղադրանքներ էիք հնչեցնում, կառավարությունը բացատրություններ էր տալիս: Դուք կաբել էիք բերում, կառավարությունը պարզաբանում էր (նկատի ունի այն, որ Իշխան Զաքարյանը հունիսին մալուխով էր եկել ԱԺ ու հայտարարել էր, որ պետական բյուջեի հաշվին տենդերների ժամանակ 110 դրամանոց մալուխը գնում են 1007 դրամով – խմբ.): Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ ձեզ մի քանի դիտողություններ արեց, թե բյուջեի 700 միլիարդ դրամի ծախսը դրել եք կասկածի տակ: Այն, որ նորից ձեզ են առաջադրում, նշանակո՞ւմ է արդյոք, որ պարտավորվել եք՝ կասկածի տակ չեք դնելու բյուջեի որևէ հատվածը»,- իր հերթին, ասել է Փաշինյանը:

Խոսքից հետո Փաշինյանը Զաքարյանին ևս մեկ անգամ խնդրել է «չմոռանալ կաբելի մասին»:

«Կաբելի մասին չեմ մոռանում: Բնական է, որ ՎՊ-ն ասում է մի բան, Կառավարությունը պարզաբանում է: Եթե համաձայն չեն, կա մեկ ճանապարհ` դատարան: Կարող են մեզ դատի տալ»,- ասել է Զաքարյանը:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասել է, որ դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանին ոչ թե նրա անձնական հատկանիշների համար, այլ որովհետև նա նոմենկլատուրայի մաս է եղել և մնալու է:

«Գործընկերներիցս մեկն ասեց, որ սա մամուլի ասուլիս է: Այո, մամլո ասուլիս է, քանի որ դուք լուրջ դեմքով ասում եք, որ ՎՊ-ն անկախ մարմին է, մենք էլ լուրջ լսում ենք: Մենք իբր ունենք անկախ դատարաններ, անկախ հեռուստաընկերություն, անկախ ՏՄՊՊՀ (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով): Բոլոր մարմիններն են նույն կերպ վարվում: Մրցակցության պաշտպանության կոմիտեի պետն էլ ասում էր՝ շաքարավազի մոնոպոլիա չկա, քանի որ կոկա-կոլան բերում է շաքարավազ: Նույնն ա, որ ասես քաղաքացի Կիրակոսը շաքարաքլոր է ներկրում, ուրմեն շաքարավազի մոնոպոլիա չկա, նույն բանն է ասես՝ ՔԿՀ-ի սմենի պետը վերահսկում է ՔԿՀ-ն: Դուք ընդամենը ՔԿՀ-ի սմենի պետի դեր եք խաղում: Դուք չեք կարող  համարվել անկախ մարմին: Անկախ մարմինների ղեկավարներին չեն նշանակում»,- ասել է Արզումանյանը: