Արմավիրի Հայկաշեն գյուղի բնակիչ Լարիսա Ասերյանի պնդումներն այն մասին, թե «Ջի-էֆ-Սի Ջեներալ Ֆայնենշլ ընդ Քրեդիթ Քոմփանի» վարկային կազմակերպությունը ապօրինությունների է դիմել վարկը ժամկետից շուտ պահանջելու համար, ապատեղեկատվություն է: Այս մասին ասել է Epress.am-ին դիմած «Ջի-էֆ-Սի»-ի իրավաբան Համլետ Գրիգորյանը:
Վերջինիս խոսքով՝ իրականում կազմակերպության վարկառու է ոչ թե Լարիսա Ասերյանը, այլ նրա ամուսին Արծրուն Սարիբեկյանը, որը ժամկետանց վարկ է ունեցել և կազմակերպությունը, համաձայն Նպատակային վարկի պայմանագրի, հետ է պահանջել գումարը, քանի որ նա դադարել է վճարումներ կատարել 2012 թվականի նոյեմբեր ամսից ի վեր: Գրիգորյանը նշել է, որ հակառակ կնոջ պնդումներին, ըստ որի իր ամուսինը մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի իր վարկի մարումները կատարելու նպատակով, այդ ընթացքում որևէ գումար վարկառուի կողմից չի ուղղվել վարկի մարմանը:
Ըստ Համլետ Գրիգորյանի` «գործ ունենք դասական խնդրահարույց վարկի և անպարտաճանաչ հաճախորդի և նրա ընտանիքի անդամի հետ, որոնք ստացված վարկի մարումը ժամանակին իրականացնելու փոխարեն չեն զլանում ժամանակ և ռեսուրսներ վատնել, կազմակերպության հասցեին ավելորդ և ոչնչով չհիմնավորված բառեր հնչեցնելու համար»:
Իրավաբանը նշել է, որ նման խնդիրները պետք է լուծում ստանան հնարավոր չափ արագ, քանի որ ֆինանսական կառույցների նկատմամբ պարտավորությունների չկատարումը արդեն բնորոշ է դարձել նշված վարկառուի այլ հարազատի մոտ ևս:
Գրիգորյանը ներկայացրել է, որ Լարսիա Ասերյանի ընտանիքը, որը նպատակային վարկի համար 5,5 միլիոն գումար էր վերցրել և ջերմոց կառուցել, դատարան դիմելու պահին պարտք է եղել 385 հազար դրամ ժամկետանց գումար և չի վճարել 7715 դրամի չափով տույժ:
«Կազմակերպության ներկայացուցիչների մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ հաճախորդի ֆինանսական վիճակն այլևս թույլ չի տալիս սպասարկելու վարկը», – ասել է Գրիգորյանը:
Վերջինս նշել է, որ, հակառակ Լարիսա Ասերյանի պնդումներին, «Ջի-էֆ-Սի»-ին երբեք չի գործել ի վնաս հաճախորդների, չի խախտել օրենքները, ինչպես նաև չի անտեսել կառավարության և ոչ մի որոշում: Ավելին, կազմակերպությունն ընդառաջ գնալով մայիսին տեղացած կարկուտից տուժած իր բոլոր վարկառուներին, հետաձգել է վարկերի մարման ժամկետները և կազմել նոր ժամանակացույց:
Իրավաբանը փաստել է, որ թե Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը, թե Վերաքննիչ դատարանն արդեն վճիռներ են կայացրել հօգուտ վարկային կազմակերպության, ինչը, ըստ փաստաբանի, ևս մեկ ապացույց է, որ Հայկաշենի բնակչի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու նպատակով Լարիսա Ասերյանը դիմել է Վճռաբեկ դատարան: