Home / Հայաստան / Ադրբեջանում փակում են ընդդիմադիր թերթը. ակտիվիստները օգնության դրամահավաք են սկսել

Ադրբեջանում փակում են ընդդիմադիր թերթը. ակտիվիստները օգնության դրամահավաք են սկսել

«Ադրբեջան» պետական հրատարակչատունը երեկ դադարեցրել է երկրի առաջատար ընդդիմադիր «Ազադլիգ» («Ազատություն») թերթի հրատարակումը: Թերթի տպագրությունը դադարեցնելու մասին որոշումը հրատարակչատան կողմից ընդունվել է թերթի խմբագրի հետ հանդիպումից հետո:

«Ազադլիգ»-ի փոխխմբագիր Ռագիմ Հաջիևը Turan գործակալությանն ասել է, որ հայտնի չէ՝ երբ հնարավոր կլինի վերսկսել թերթի թողարկումը: Նրա խոսքով՝ «Ազադլիգ»-ի թողարկման դադարեցման պատճառն ավելի քան 24 հազար մանաթ պարտքի (30 հազար դոլար) առկայությունն է:

«Հրատարակչությունը հայտարարել է, որ այլևս չի կարող սպասել պարտքի վճարմանը»,- հայտարարել է փոխխմբագիրը:

Բացի դա, թերթից 65 հազար մանաթ է պահանջում Բաքվի մետրոպոլիտենի տնօրեն Թագի Ահմեդովը, ում հայցի համաձայն դատարանը տուգանել էր թերթին:

Քաղաքացիական հասարակության ակտիվիստները Facebook սոցցանցի միջոցով դրամահավաք են կազմակերպել՝ թերթին աջակցելու նպատակով: