ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկում է մասնավոր հարկային մարմին ստեղծել: Այս մասին նա այսօր ասել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով վարորդների խնդրին: Պատգամավորի խոսքով՝ վարորդների ֆինանսական պայմանները գնալով վատանում են, քանի որ վերջին 4 տարում նրանց ֆինանսական բեռը մի քանի անգամ շատացել է: Ըստ Մանուկյանի՝ այդ բեռը կազմում է 150000 դրամ ի հաշիվ, օրինակ, ԱՊՊԱ-ի, տեխզննման, կարմիր գծերի, և դա մեծ գումար է, մասնավորապես, տաքսու վարորդների համար:
«Այդ գումարների մեծ մասը մտնում է ոչ թե պետբյուջե, այլ մասնավորի գրպանը: Եթե այդքան արտոնություններ է տալիս մասնավորին, ես կարող եմ դիմել այսպիսի առաջարկով: Թույլ տվեք ստեղծեմ մասնավոր հարկային տեսչություն, բյուջեի մուտքերը կրկնակի կշատանան», – խոստացել է Մանուկյանը:
Տաքսիստների խնդիրը բարձրացրել է նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Տաքսու ոլորտը վերածվում է անվերահսկելի գռդոնի», – գնահատել է Փոստանջյանը՝ կարծիք հայտնելով, որ սա արվում է, որպեսզի Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկրի նոր մեքենաներ և այս ոլորտն էլ վերածվի մենաշնորհային ոլորտի:
Բեգլարյանն այդ հայտարարությունը հերքել է. «Եթե Բեգլարյանն ուզենար, տաքսիստների աշխատանքը այսքան չէինք պարզեցնի: Այնքան է պարզեցվել տաքսի վարորդի աշխատելը, որ յուրաքանչյուր մարդ կարող է դիմել և առանց գումար տալու աշխատել: Տրամաբանությունից դուրս բաներ եք ասում, դա ճիշտ չի»: