Home / Հայաստան / Բանակում զոհված զինվորի մայրը կարծում է՝ որդու գերեզմանին մեքենան պատահական չէ հարվածել

Բանակում զոհված զինվորի մայրը կարծում է՝ որդու գերեզմանին մեքենան պատահական չէ հարվածել

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, ով ամեն հինգշաբթի մասնակցում է կառավարության կամ նախագահական նստավայրի մոտ անցկացվող բողոքի ակցիաներին, կասկածում է, թե իր ընտանիքի դեմ դավադրություն է հասունանում: Այս մասին վերջինս ասել է Epress.am-ի հետ զրույցում և որպես խոսքերի ապացույց մատնանշել նոյեմբերի 4-ին որդու գերեզմանի հետ կատարվածը:

Մայրը պատմել է, որ հանգստություն գտնելու համար գրեթե ամեն օր այցելում է որդու շիրիմին, սակայն նախորդ շաբաթ ինքնազգացողության վատացման պատճառով երեք oր ի վիճակի չի եղել գերեզմանատուն գնալ և երբ այցելել է, տեղում նկատել է, որ տանիքի հենասյուները խախտված են, իսկ պարիսպը տեղ-տեղ վնասված ու կոտրված:

Ավելի ուշ մայրն հասկացել է, որ գերեզմանի պարիսպը վնասվել է մեքենայի հարվածից, քանի որ անիվների հետքերը ու մեքենայի կապույտ ներկը տպվել է Ղազարյանի որդու գերեզմանը շրջապատող պարսպին:

Մայրը չի հավատում պատահականությանը՝ նշելով, որ որդու գերեզմանը երթևեկելի մասից բավականաչափ հեռավորության վրա է գտնվում:

Տեղի ունեցածի մեջ Ղազարյանը դիտավորություն ու սպառնալիք է տեսնում. նա վստահեցնում է, որ այդ քայլով իրեն զգուշացնում են հեռու մնալ ակցիաներից:

«Սպանեցին, հիմա էլ գերեզմանի մեջ չեն թողնում հանգիստ պառկի՞: Մեկ է՝ պայքարելու եմ», – ասել է մայրը: