ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի այցելել Շանթ Հարությունյանին և նոյեմբերի 5-ին բերման ենթարկված այլ քաղաքացիներին: Այս մասին նախարարն ասել է՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք Հարությունյանի նկատմամբ բռնություններ եղել են և շարունակվում են:
Լրագրողներից մեկն ասել է, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ Շանթ Հարությունյանին ոչ միայն ծեծել են, այլև այժմ էլ շարունակում են նրա նկատմամբ բռնություն կիրառել:
«Հին հույներն ասում էին՝ ես ամեն ինչի վրա կասկածում եմ: Եթե մարդ կասկածամիտ է, կարող է կասկածել: Մենք ունենք հստակ ընթացակարգեր: Կա բողոքարկման մեխանիզմ: Կա գերատեսչական տարբերություն: Այնպես չի, որ ես վերահսկում եմ ՁՎՊ-ները: Ըստ Փաշինյանի հայտարարության՝ այդ ամեն ինչը տեղի է ունեցել ոչ թե ՔԿՀ-ում, այլ ՁՊՎ-ում»,- ասել է Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած մարդ, ով բերվում է ՔԿՀ, ենթարկվում է բուժզննման, և կազմվում է արձանագրություն: Ցանկացած բռնության հետք, քերծվածք անգամ արձանագրվում է: Մեր հարցին՝ որտեղ կարելի է ծանոթանալ Շանթ Հարությունյանի մասով կատարված զննության արդյունքներին, Հրայր Թովմասյանը չի պատասխանել՝ ասելով, որ ինքը խոստացել էր 4 հարցի պատասխանել, սակայն պատասխանել է 7 հարցի, և որ այլևս հարցերին չի անդրադառնա:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 6-ին Երևանի Ձերբակալվածների պահման վայրում տեսակցել էր Մաշտոցի պողոտայի իրադարձությունների հետևանքով ձերբակալվածներին, որից հետո հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանն իրեն ասել է, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ ոստիանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը իր նկատմամբ բռնություններ են կիրառել:
Փաշինյանը դիմել էր Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով, որպեսզի Շանթ Հարությունյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ն քննություն սկսի:
Շանթ Հարությունյանին այցելած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասնեյակի ղեկավար, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Արթուր Սաքունցը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ևս վկայել է, որ Շանթ Հարությունյանի ձեռքերին եղել են բռնության հետքեր:
Արթուր Սաքունցն ասել է, որ հանդիպումից հետո իր համար միանշանակ է, որ ոստիկանապետը հարվածել է Շանթ Հարությունյանին: Նույնը արել են նաև ոստիկանապետի շրջապատի մարդկանցից մի քանիսը, և, ըստ իրավապաշտպանի, Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի: