Նոյեմբերի 13-ին, ժամը 10.50- սահմաններում շմոլ գազի թունավորումով Մարտունու բուժկենտրոն տեղափոխված 15-ամյա Արփինե Թ.-ն և Նոնա Ե.-ն հավանաբար այսօր դուրս կգրվեն հիվանդանոցից: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է գլխավոր բժիշկ Եղիշե Հարոյանը:
Նշենք, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, աղջիկները թունավորվել են Մադինա գյուղի դպրոցի դասասենյակում տեղադրված նավթի վառարանից՝ շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Հարոյանը, սակայն, ընդգծել է, որ դպրոցում ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել՝ «պարզապես աղջիկները ալերգիկ են, և ծխի հանդեպ ալերգիկ հատկությունը հաճախ զգացնել է տվել»:
«Մեկ շաբաթ առաջ այս երկու երեխան էլի էին վատացել, տեղափոխվել էին մեր մոտ, զննել, օգնություն ենք ցուցաբերել և տուն ուղարկել: Երկու երեխայի անամնեզում նշվում է, որ իրենք զգայուն են ցանկացած ծխի նկատմամբ: Տանն էլ, երբ թոնիրը վառվում է կամ հողամասում փուռ են դնում, վատանում են», – ասել է բժիշկը:
Վերջինս, թեև պնդել է, որ երեխաների թունավորման պատճառը ծխի նկատմամբ ունեցած հատկությունն է և դպրոցը դրանում մեղավորություն չունի, այնուամենայնիվ, նշել է, թե տեղյակ չէ՝ դպրոցում ինչպիսի վառելիք է օգտագործվում: