Home / Հայաստան / Պոլիտեխնիկի դասախոսները Սերժ Սարգսյանին խնդրել են լուծել ռեկտորի խնդիրը

Պոլիտեխնիկի դասախոսները Սերժ Սարգսյանին խնդրել են լուծել ռեկտորի խնդիրը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) թվով 252 դասախոսներ նամակ են հղել Սերժ Սարգսյանին՝ պահանջելով դիտարկել բուհի ղեկավար Արա Ավետիսյանի ռեկտոր մնալ-չմնալու նպատակահարմարությունը: Այս մասին այսօր Еpress.am-ի հետ զրույցում ասել է Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը:

Որպես առաջին պահանջի շարունակություն, նամակում նշել են նաև իրենց բուհում աուդիտ իրականացնելու մասին:

Դասախոսների դժգոհությունը կապված է թե՛ աշխատավարձերի նվազման, թե դասախոսներին աշխատանքից ազատելու հետ: Ավետիսյանի նորարարությունների դեմ բողոքող դասախոսների պնդմամբ՝ անձամբ Սերժ Սարգսյանի շուրթերից է հնչել արտահայտությունն այն մասին, թե ոչ մի գործատու իրավունք չունի աշխատավարձի նվազման քայլ կատարել, մինչդեռ, ըստ նրանց, ռեկտորը գնացել է այդ քայլին առանց հիմնավորման:

«Կարծում, ենք, որ այս պրոբլեմների հիմքում ընկած է բուհի ֆինանսատնտեսական վիճակը, որը ռեկտորը փորձել է քողարկել: Ակնկալում ենք, որ նախագահը  դրական լուծում կտա, ու մենք կմտնենք նորմալ հունի մեջ, առանց այն էլ վերջին 2 ամիսներին ու ընդհանրապես՝ Ավետիսյանի պաշտոնավարելու ընթացքում այնքան վնաս է հասցվել բուհի իմիջին, որ հասկանալ է պետք՝ ինչպես ենք բարի համբավը վերադարձնելու», – ասել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ բացի աշխտավարձերի խնդրից, Ավետիսյանի գործողությունները ուսանողների ուսման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացրել՝ մեծ հոսքեր, մեծ խմբեր, լաբորատորիաներում շատ ուսանողներ, դասախոս-ուսանող շփման կրճատում և «հազար ու մի հարցեր»:

«Հուսանք՝ նախագահի ճիշտ պատասխանը մեզ ճանապարհ ցույց կտա ու կհուշի՝ ինչպես դուրս գալ այս վիճակից, հակառակ դեպքում վիճակը էլ ավելի է լարվում ու կարող է լրիվ ուրիշ բովանդակություն ձեռք բերել, որը բացարձակ մեր կրթօջախին պետք չէ», -եզրափակել է Խաչատրյանը: