Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում երկու ամսով երկարացրել են Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի կալանքը: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: Գործով ներգրավվել է ևս մեկ այլ պաշտպան՝ փաստաբան Նորայր Նորիկյանը: Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդությունները մերժվում են:
Ինչ վերաբերում է Արայիկի եղբորը՝ խուլիգանության մեղադրանքով ազատազրկված Արտակ Պետրոսյանին, փաստաբանն ասել է, որ նրա գործի դատավարությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանը սպանվել է ապրիլի 2-ի առավոտյանՆրա դին հայտնաբերել են Պռոշյանի գյուղապետարանի դիմաց` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն` անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:
Ձերբակալվել էին նույն գյուղի բնակիչներ Արայիկ և Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ լրատվամիջոցներում շրջանառվում էր նաև գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը: