Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը հրաժարական է ներկայացրել։ Գերմանիայի հայ համայնքի կենտրոնական վարչությունը նոյեմբերի 30-ին նոր ղեկավար է ընտրելու, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ առաջին հայացքից շատ առօրեական թվացող այս տեղեկատվության հետևում (որն առաջին անգամ անցյալ կիրակի հնչել է Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի եթերից) մեծ և տգեղ պատմություն է թաքնված։
«Ազատ Օրդուխանյանի անունը մեր թերթում և հայաստանյան այլ լրատվամիջոցներում հաճախ է հանդիպել հատկապես վերջին երկու տարվա ընթացքում։ Բանն այն է, որ 2011 թվականին հուլիսի «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանությունից հետո Գերմանիայի հայ համայնքը՝ Կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի գլխավորությամբ, ոտքի կանգնեց, իր բողոքի ձայնը բարձրացրեց Հայաստանում տիրող ամենաթողության վերաբերյալ։ Վահե Ավետյանի մահվան շուրջ կրքերը հանդարտվելուց և աղմուկը մարելուց հետո էլ Գերմանիայի հայ համայնքը շարունակեց և մինչ օրս շարունակում է տարբեր առիթներով և տարբեր մեթոդներով արձագանքել Հայաստանում կատարվող անօրինականություններին։
Բաղրամյան 26-ին այս իրավիճակը, սակայն ինչ-որ պահից սկսել է դուր չգալ։ Հնարավոր է, որ հենց այն պահից, երբ պարզ է դարձել, որ գերմանահայերի ակտիվությունը կարող է վարակի նման տարածվել նաև Սփյուռքի մյուս օջախներում, իսկ դրա համար, պարզ է, բոլոր նախադրյալները կան։ Եվ ահա, Բաղրամյան 26-ից իջեցված անմիջական հրահանգով Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը սկսել է քայքայիչ գործունեություն ծավալել համայնքի շրջանում, ինչի ամբողջ նպատակն է եղել Կենտրոնական խորհուրդը պառակտելն ու նախագահ Ազատ Օրդուխանյանից ազատվելը», – գրում է թերթը։
«ՀԺ»-ի հետ զրույցում Օրդուխանյանը նշել է, որ իր հրաժարականը կազմակերպչական չի, ունի խորը քաղաքական-ռազմավարական հիմք, և իր այժմ իր խնդիրն է առանց ցնցումների հանձնել Կենտրոնական խորհրդի ղեկավարությունը և ուրիշ կառույցների միջոցով նպաստել որդեգրած ռազմավարության զարգացմանը:
«Պետության ուղիղ ներկայացուցիչը բառացիորեն ասել է ինձ՝ եթե դու չդադարեցնես այդ քաղաքականությունը, խանգարես մեր քաղաքականությանը, ես քեզ պետական ապարատով կջարդեմ: Խոսքը Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանի մասին է, ով հսկայական վնաս տվեց մեր համայնքին, բաժան-բաժան արեց շատ հայկական կառույցներ: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի հայաստանյան մաֆիոզ ստրուկտուրաները հայտնվեց այստեղ, ասեն՝ մեզ այսքան գումար է պետք ինչ-որ ծրագրի համար», – ասել է Օրդուխանյանը:
Նրա խոսքով՝ ճնշումներ եղել են և դրսից, և հայ համայնքի ներսից, սակայն իր հրաժարականը պայմանավորված է ոչ թե ճնշվելով կամ ընկճվելով, այլ ուրիշ ռազմավարության ընտրությամբ:
«2011 թվականի օգոտսոսից մենք որդեգրեցինք Հայաստանում ներքաղաքական զարգացումներին մասնակից լինելու քաղաքականությունը և շարունակելու ենք այս ուղղությամբ», – ասել է Օրդուխանյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում