Home / Հայաստան / Յուրի Վարդանյանի որդին հաշիշ օգտագործել է, բայց մաքսանենգությամբ չի զբաղվել. փաստաբան

Յուրի Վարդանյանի որդին հաշիշ օգտագործել է, բայց մաքսանենգությամբ չի զբաղվել. փաստաբան

Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի (լուսանկարում)՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի մոտ հայտնաբերվել էր 98 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:

Փաստաբանի խոսքով՝ այդ թմրանյութը Դավիթը ձեռք էր բերել Ագարակում՝ իր օգտագործման համար, մեկ օր մնացել էր այնտեղի հյուրանոցում, իսկ իրավապահները նրան  հայտնաբերել էին դեպի Երևան վերադարձի ճանապարհին: Գնած թմրանյութը Դավիթը դեռ չէր հասցրել օգտագործել, բայց նախկինում նա թմրանյութ օգտագործել է:

«Ինքը ընդամենը օգտագործող է, որոշ երկրներում նաև դեղատներում են դրանք վաճառվում: Հիմիկվանից արդեն ճիշտ դաստիարակման ուղին է վերցրել, որ պետք է դա չօգտագործի, հետ կանգնի: Բարձրագույն կրթությամբ տղա է, պետք է հասկանա, դա օրենքով արգելված բան է», – նշել է Վահան Հայրապետյանը:

Նշանակված տոքսիկոքիմիական փորձաքննության պատասխանը դրական է եղել, նրա մեզի և մազի մեջ հայտնաբերվել էր հաշիշ: Փաստաբանը շեշտել է, որ եթե անձը թմրանյութ օգտագործած է լինում ամիսներ առաջ, ապա, միևնույն է, այն հայտնաբերվում է, քանի որ դա պահպանվում է:

Հայրապետյանի խոսքով՝ Դավիթը մեղքը ընդունել է այն մասով, որ ինքը թմրանյութ է գնել իր անձնական օգտագործման համար, իսկ մնացածը, թե դա Իրանից է գնել, հիմարություններ են:

Փաստաբանն առայժմ պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդություն չի ներկայացրել, ուշ է ներգրավվել գործում, այժմ չի կարող նման միջնորդություն ներկայացնել, բայց եթե նախաքննական մարմինը երկրորդ անգամ կալանքի միջնորդությամբ մտնի դատարան, ինքը կմիջնորդի, որ խափանման միջոցը փոխեն և Դավիթը գրավով ազատ արձակվի:

Հայրապետյանը նաև ասել է, որ Յուրի Վարդանյանը չի հետաքրքրվում գործի քննությամբ, ինքն իր գործն է անում:

Դավիթ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի շրջանառությունը,  պատժվում է ազատազրկմամբ`  2-6 տարի ժամկետով) և 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝  4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով:

Լուսանկարը՝ Aravot.am