«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը կալանավորվել է։ «Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն` դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։
Մարտիրոսյանը մեղադրվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ինչպես նաև դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործով։
Մարտիրոսյանին խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք առաջադրվել էր դեռևս սեպտեմբերին։ Կաշառքի միջնորդի դերում, կայքի տեղեկություններով, հանդես է եկել Դատական դեպարտամենտի կադրերի վարչության նախկին պետ Անգին Իսախանյանը, ով աշխատանքից ազատվել է 2013 թվականի հուլիսին։ Այս դրվագով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ընդ որում, հենց այս գործով քննիչը սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացրել Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, և Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:
Երկրորդ քրեական գործը վերաբերում է արդեն դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման բացահայտված դեպքերին, որի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին, վերջինիս տեղակալ Գագիկ Խաչատրյանին, իսկ մյուս տեղակալի` Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Խաչատրյանի նկատմամբ ևս նախկինում որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը, սակայնՄովսիսյանին ձերբակալելու օրը փոխվեց Խաչատրյանի խափանման միջոցը և նա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։
Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը: Քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը» հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ:
Մեղադրանքներ են առաջադրվել նաև դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին: Այս քրեական գործով մեղադրյալների թիվը շուրջ երկու տասնյակ է: